News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի հարցազրույցը Հայաստանում Եգիպտոսի արաբական հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամեդ Ալաէլդին Սաադ Էլլեյսիի հետ։

Պրն. դեսպան, ինչպե՞ս եք գնահատում հայ-եգիպտական հարաբերությունները:

Նախ, շնորհավորանքներս եմ հայտնում Հայաստանի ժողովրդին եւ կառավարությանն` անկախության 20-ամյակի կապակցությամբ եւ մաղթում եմ շարունակական հաջողություններ բարեկամ Հայաստանի պետությանը, որին միավորում է Եգիպտոսի հետ մեծ համակրանքը եւ ընդհանուր հայտարարները։

Թեեւ ընդամենը մի քանի օր է, որ ես գտնվում եմ ձեր գեղեցիկ երկրում, բայց զգում եմ, որ դեռ Եգիպտոսում եմ, քանի որ կան սովորույթների, ավանդույթների ու երաժշտության նմանություններ եւ ընդունելությունը, որին արժանացա բոլորի կողմից տարբեր մակարդակներում։

Երկրորդ, Եգիպտոսի եւ Հայաստանի հարաբերությունները ոչ թե վերջին 20 տարիների արդյունք են միայն, այլ գնում են դեպի դարերի խորքը, սկսած փարավոնների օրերից՝ անցնելով իսլամական պետություն եւ Օսմանյան կայսրություն։ Մոհամեդ Ալին, ով հայտնի է որպես ժամանակակից Եգիպտոսի հիմնադիր, օգտվել է Հայաստանի մի շարք փորձերից 19-րդ դարում ժամանակակից Եգիպտոսի օրենքների ստեղծման համար։ Այդ ժամանակ Նուբար Փաշան արտաքին գործերի նախարարն էր եւ հետո երկար ժամանակ եղավ վարչապետը։ Խորհրդային միությունից Հայաստանի անկախացումից հետո Եգիպտոսն առաջին երկրներից էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Լիովին վստահ ցանկանում եմ ընդգծել, որ եգիպտահայկական հարաբերություններն առանձնահատուկ են բոլոր ոլորտներում՝ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից եւ 1993 թվականին Երեւանում Եգիպտոսի դեսպանության բացումից ի վեր։ Հաջորդ տարի ականատես կլինենք երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին` երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման պայմանագիրը ստորագրվեց 1992 թվականի մարտի 9-ին։

Ցանկանում եմ հաստատել, որ երկու երկրների հարաբերությունները վերջին տարիներին նկատելի զարգացում են ապրել. ստորագրվել են համագործակցության ավելի քան 40 համաձայնագրեր, ինչպես նաեւ երկու կողմերի բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցեր։ 2010 թվականի սկզբին ականատես եղանք հայ բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունների աճին Եգիպտոս. Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այցը Եգիպտոս 2010-ի հունվարի 16-18-ին, 2010-ի մայիսի 31-ին Հայաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանի գլխավորած պատվիրակության այցը Կահիրե, որի կազմում էին Երեւանի քաղաքապետը եւ իր նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, եւ վերջապես Սփյուռքի հարցերով նախարար Հրանուշ Հակոբյանի մասնավոր այցը Եգիպտոս 2010-ի հունիսի 13-ին։

Բացի այդ, 2010 թվականի սեպտեմբերի 19-22-ին Երեւան է այցելել ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության եգիպտական հիմնադրամի նախկին գլխավոր քարտուղար տիկին դեսպան Սոմայա Սաադը, ծանոթանալու համար հայկական կողմի կարիքներին եւ առաջարկելու նոր գաղափարներ` զարգացնելու համար առկա համագործակցությունը հիմնադրամի ու Հայաստանի տարբեր գերատեսչությունների միջեւ, որպեսզի ընդգրկվեն այլ ոլորտներ: Այդ նոր ոլորտներից են վերականգնվող էներգետիկան եւ զբոսաշրջությունը, որոնք մեծ ընդունելություն գտան հայկական կողմից։

Համագործակցության առավել հայտնի բնագավառներից մեկն այն  է, որ Եգիպտոսն ու Հայաստանը աջակցում են միմյանց թեկնածուներին՝ զբաղեցնելու միջազգային ու տարածաշրջանային պաշտոններ: Մեր երկրները աջակցում են իրար նաեւ միջազգային կազմակերպություններում բանաձեւերի ընդունման ժամանակ: Այս համատեքստում կարող ենք նշել, որ ընթացքի մեջ է Հայաստանի դիվանագիտական դպրոցի եւ Եգիպտոսի դիվանագիտական ինստիտուտի միջեւ համագործակցության գաղափարների բյուրեղացումը։

Ինչ վերաբերում է երկու երկրների միջեւ առեւտրային շրջանառության ծավալին, այն չի հասել ցանկալի մակարդակի, սակայն  երկու կողմերի մոտ հստակ ցանկություն կա ավելացնելու այդ համագործակցությունը, քանի որ երկու երկրների միջեւ առեւտրի փոխանակման ծավալը չի համապատասխանում քաղաքական առանձնահատուկ հարաբերություններին: Մեր երկրների միջեւ առեւտրային շրջանառությունը 2010-ին հասել է մոտ 7 մլն դոլարի՝ 2007 թվականի  4 մլն դոլարի համեմատ, որի մեծ մասը եգիպտական արտահանումն է, հատկապես դեղագործական արտադրանքը։ Երկու երկրների միջեւ առեւտրային կապերի սահմանափակումը վերագրվում են մի քանի պատճառների, այդ թվում՝ Հայաստանի դիրքը, որպես շրջապատված երկիր, եւ Կահիրեի եւ Երեւանի միջեւ ուղիղ օդային կապի բացակայությունը։

Շուտով Երեւանում ակնկալվում է անցկացնել միջկառավարական հանձնաժողովի հինգրերորդ նիստը, որի ընթացքում սպասվում է ուսումնասիրել մի շարք եգիպտական ընկերությունների ներդրումային հնարավորությունների հասանելիությունը Հայաստանում, հատկապես շինարարության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ դեղամիջոցների արտադրության ոլորտներում, ակտիվացնելու առեւտրային փոխանակումները եւ մեծացնելու զբոսաշրջության շարժը երկու երկրների միջեւ։

Ուզում եմ հատուկ նշել ձեր կայքի համար, որ գալիք նոյեմբերին Երեւանում նախատեսվում է անցկացնել եգիպտական մշակույթի շաբաթ եւ թերեւս այս տոնակատարությանը մասնակցող պատվիրակության կազմը հաստատում է այն մեծ նշանակությունը, որը Եգիպտոսը տալիս է զարգացնելու երկու երկրների հարաբերությունները մշակութային ոլորտում, եւ որը համարվում է երկու կողմերի միջեւ քաղաքակրթական եւ ժողովրդական հարաբերությունների շարունակություն՝ այս առթիվ նշելով Հայաստանի մշակութային շաբաթի մեծ հաջողությունը Կահիրեում, որը տեղի ունեցավ 2010 թվականի սեպտեմբերին։

Եգիպտական մշակույթի շաբաթվա ծրագիրը կընդգրկի Կահիրեի օպերայի՝ բալետի խմբի ներկայացումները, մի շարք եգիպտական կինոֆիլմների ցուցադրում՝ հայ դերասանուհի Լիզ Սարգսյանի ուղեկցությամբ (ով ապրում է Կահիրեում եւ դարձել է հանրաճանաչ արաբական աշխարհում), թատերական ներկայացումներ երեխաների համար, գեղարվեստական նկարների ցուցահանդես եւ եգիպտական հնությունների կրկնօրինակների ցուցադրում, որոնք ներառում են փարավոնների, հունահռոմեական, ղպտիական եւ իսլամական քաղաքակրթությունները, որոնք իրար են հաջորդել Եգիպտոսի հողի վրա։ Ընթացքի մեջ է Եգիպտոսի լրագրողների պատվիրակության այցի նախապատրաստումը Հայաստան, ինչպիսին մի անգամ արդեն եղել է 2010-ի դեկտեմբերին, որը մեծ ազդեցություն ունեցավ փոխանցելու Վերջին տարիներին Հայաստանի դրական առաջընթացի պատկերը:

Ինչպե՞ս եք գնահատում ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը եւ խնդրի ինչպիսի լուծում եք տեսնում:

Եգիպտոսի դիրքորոշումն այս հարցում շատ հստակ է, որի մասին վկայում է նրա քվեարկությունը ՄԱԿ-ում` այդ խնդրին առնչվող բանաձեւերին։

Եգիպտոսը շատ մեծ փորձ ունի ժամանակակից դարաշրջանում շատ բարդ հակամարտությունների կառավարման ոլորտում։ Արդյունքն այն  է, որ լավագույն լուծումները ձեռք են բերվում խաղաղ բանակցությունների ճանապարհով։ Եգիպտոսը չի աջակցում պատերազմներին` որպես վեճերը լուծելու միջոց; Եգիպտոսը առաջադեմ պետություն է իր տարածաշրջանում խաղաղություն կերտելու հարցում, հավատում է բանակցություններին, նաեւ երկրների միջեւ խնդիրների եւ տարաձայնությունների լուծման խաղաղ ճանապարհներին։ Ուստի Եգիպտոսը կշարունակի իր հավասարակշիռ դիրքորոշումը եւ աջակցությունը Մինսկի խմբի ջանքերին՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը միջազգային օրենքների շրջանակներում: Մենք շնորհակալ ենք Մինսկի խմբի ջանքերին այս առումով, ինչպես նրանց վերջերս շնորհակալություն հայտնեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի առջեւ իր ելույթում։

Ինչպե՞ս եք գնահատում Ձեր գործընկերոջ՝ Ադրբեջանում Եգիպտոսի դեսպան Սաբիր Մանսուրի հայտարարությունն առ այն, որ եթե «օկուպացված հողերը» հնարավոր չլինի վերադարձնել խաղաղ ճանապարհով եւ սկսվի պատերազմ, ապա մենք կպաշտպանենք Ադրբեջանին:

Կարծում եմ, ինչ վերագրվում է իմ գործընկեր` Ադրբեջանում Եգիպտոսի դեսպանին, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Եվ դեսպան Սաբիր Մանսուրը ժամանակին հերքեց դա, նշելով, որ հատկապես, նրա հետ հարցազրույցը ադրբեջանական լրատվամիջոցներին տեղի է ունեցել Եգիպտոսի ազգային տոնի կապակցությամբ, որը ձայնագրվել է եւ տեսագրվել։ Ադրբեջանական լրատվամիջոցները մեր դեսպանից այնտեղ ներողություն են խնդրել այդ սխալի համար, եւ Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը անմիջապես հանդես է եկել հայտարարությամբ եւ հստակորեն հայտնել է իր պաշտոնական դիրքորոշումը։

Հունվարի 25-ին. Եգիպտոսում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ի՞նչ վիճակում է երկիրը եւ հայկական համայնքը:

Այդ հարցում ուզում եմ գովաբանել այն կարեւոր դերը, որ խաղում է հայկական համայնքը` ամրապնդելու երկու երկրների միջեւ սոցիալական եւ մշակութային կապերը: Հայ եգիպտացիները կամ եգիպտացի հայերը բարձր դիրքեր են գրավել եգիպտական վարչակազմում, այդ թվում եղել են վարչապետ եւ նախարար, նաեւ բանաստեղծ եւ գրող, ստեղծագործ արվեստագետ, դերասանական արվեստի, երգի եւ կիրառական արվեստի աստղեր, որոնք անկեղծությամբ արտահայտել են Եգիպտոսի ժողովրդի իղձերը, ցավերը եւ ակնկալիքները։ Թեեւ հայ համայնքն ինտեգրվել է եգիպտական հասարակության մեջ, սակայն նրանք պահպանել են իրենց մշակութային առանձնահատկությունները։ Հայկական համայնքը դարձել է Եգիպտոսի ժողովրդի մի մասնիկը եւ անշուշտ ազդվել է եգիպտական հեղափոխությունից: Նրանք անշուշտ զգացել են անհանգստություն որոշ անկայուն վիճակներից, սակայն կարծում եմ, որ ժամանակի ընթացքում նրանց մտահոգությունն անհետացավ, կյանքը մտավ իր բնական ընթացքի մեջ եւ հայկական համայնքի դրական մասնակցությունը Եգիպտոսի կյանքին վերադարձավ։

Եգիպտոսում հրապարակվել է ընտրությունների ժամկետը. խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները կկայանան նոյեմբերի 21-ին։ Մի շարք դիտորդներ կարծիք են հայտնել, որ դա արվում է նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կուսակցության անդամների մուտքը խորհրդարան արգելելու նպատակով։ Որքանո՞վ են ճիշտ այդ դիտարկումները։

Ես կցանկանայի ընդգծել եգիպտական ընտրողի իրազեկության բարձր աստիճանը եւ այն, որ իր ձայնը հաշվի է առնվելու եւ կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Նշեմ նաեւ, որ տարբեր քաղաքական ուժերի, կառավարության եւ ռազմական խորհրդի ղեկավարների միջեւ տեղի է ունենում դրական երկխոսություն այս ընտրությունների եւ կազմակերպման մեթոդների, մասնակցության կանոնների ընդունման մասին՝ խուսափելու համար Եգիպտոսի քաղաքական կյանքի խարխլման որեւէ փորձից։

Ամենակարեւորն այս ժամանակահատվածում ընտրական գործընթացը կազմակերպելն է եւ հատկապես թափանցիկ եւ ժողովրդավարական օրենքների ընդունումը, ուստիեւ արդեն առաջարկվել է Ժողովրդական ժողովի եւ Շուրայի խորհուրդի ընտրությունների ժամանակացույցը, որը կլինի երեք փուլով. Ժողովրդական ժողովի առաջին փուլը 2011 թվականի նոյեմբերի 28-ն է եւ երրորդ փուլը կավարտվի 2012 թվականի հունվարի 10-ին, ապա 2012 թվականի հունվարի 29-ին կսկսվի Շուրայի ընտրությունների առաջին փուլը եւ երրորդը կավարտվի մարտի 11-ին; Ընտրություններին թեկնածություններ կարող են ներկայացնել սկսած հոկտեմբերի 12-ից։

Ե՞րբ հայտնի կլինեն Եգիպտոսում նախագահական ընտրությունների անցկացման ժամկետները:

Ուզում եմ նշել, որ հաջորդ ժողովրդական խորհուրդը իրավունք ունի նշանակել նախագահական ընտրություններ նոր Սահմանադրությունը մշակելու ժամանակ, իսկ Սահմանադրության մշակումը կտեւի մինչեւ վեց ամիս։ Ուստի ակնկալվում է նախագահական ընտրությունների ժամկետը հայտարարել անմիջապես նոր խորհրդարանի ձեւավորումից հետո, եւ կան ակնկալիքներ, որ այդ ընտրությունները տեղի կունենան մեկ տարի հետո, այսինքն՝ 2012 թվականի նոյեմբերին։

Շեշտեմ, որ ռազմական խորհուրդը նպատակ ունի իշխանությունը փոխանցել առողջ դեմոկրատական հիմքերի վրա ընտրված քաղաքացիական մարմնին, եւ այդ նպատակը համաձայնություն է գտել Եգիպտոսի բոլոր քաղաքական ուժերի կողմից։ Ռազմական խորհուրդը ձգտում է սահմանադրության հայտարարության մեջ կիրառել օրինական քայլեր՝ խուսափելու համար օրենքների որեւէ խախտումներից։

Եգիպտոսը հայտնի է որպես մեծաթիվ զբոսշրջիկներ հյուրընկալող երկիր, սակայն հունվարի 25-ի հեղափոխությունից հետո, մի շարք երկրներ դադարեցրեցին զբոսաշրջային այցելությունները Եգիպտոս։ Հեղափոխությունից 9 ամիս անց ի՞նչ վիճակում է երկրի զբոսաշրջությունը։

Իրավիճակը շատ է բարելավվել։ Վերջին շրջանում Եգիպտոս ներգնա  զբոսաշրջության հոսքի նորմալ տեմպերը վերադարձել են: Կարմիր ծովի հյուրանոցները զբաղված են ավելի քան 80 տոկոսով, ինչպես նաեւ վերջերս միայն մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 14 հազար օտարերկրյա զբոսաշրջիկներ այցելել են եգիպտական թանգարաններ։ Գոյություն ունի մի տուրիստական հավակնոտ ծրագիր, ըստ որի, 2012-2013 թվականներին, մեկ տարում Եգիպտոս այցելող զբոսաշրջիկների թիվը պետք է հասցվի ավելի քան 14 միլիոնի, քանի որ միայն երեկ Ասուան նահանգը հյուրընկալել է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությանը` Զբոսաշրջության  համաշխարհային  օրվա առթիվ։

Ամենակարեւորն այն է, որ այն երկրների մեծ մասը, որոնք սահմանափակել էին ճամփորդությունը դեպի Եգիպտոս՝ հատկապես Ռուսաստանը եւ Ճապոնիան, չեղյալ համարեցին այդ սահմանափակումները՝ նկատի առնելով Եգիպտոսի իրավիճակի կայունությունը, ինչպես նաեւ իրենց զբոսաշրջիկների ցանկությունը եւ ճնշումը ճամփորդելու Եգիպտոսի տուրիստական վայրերով։ Ուզում եմ նշել, որ Թահրիրի հրապարակը, որը ականատես եղավ հզոր հեղափոխությանը, դարձել է հատուկ տուրիստական այցելատեղի, ուր հեղափոխությունից հետո այցելում են բոլոր տեսակի զբոսաշրջիկներ, պաշտոնյաներ եւ դիվանագետներ, երբ նրանք ժամանում են Եգիպտոս։ Ցանկանում եմ նշել, որ այդ ժամանակաընթացքում ոչ մի զբոսաշրջիկ չի ենթարկվել սպառնալիքների Եգիպտոսի տուրիստական որեւէ վայրում։

Շատ ուրախացա, երբ իմացա, որ իմ ժամանումից անմիջապես հետո վերսկսվում են չարթերային չվերթերը Երեւան-Շարմ Էլ-Շեյխ ուղղությամբ (կարճ ժամանակով ընդհատումից հետո) ի կատարումն հայ զբոսաշրջիկների չդադարող ցանկությունների, որոնք համարում են Շարմ Էլ-Շեյխը լավագույն եւ ամենաէժան տուրիստական ուղղությունը (2010 թվականին Եգիպտոս այցելած հայ զբոսաշրջիկների թվը մոտ 12 հազար է):

Տեղեկացա նաեւ, որ այս տարի կազմակերպվելու են չվերթեր դեպի Հուրգադա, որպես նոր ուղղություն հայ զբոսաշրջիկների համար եւ կարող ենք նաեւ մտածել գալիք ամռանը դեպի Ալեքսանդրիա քաղաք եւ Հյուսիսային  ափի զբոսաշրջության վայրեր։

Ձեր կայքում նաեւ կարդացի, որ հայ զբոսաշրջիկը ցանկանում է այցելել Եգիպտոս՝ չնայած որոշ մարդիկ քարոզում են այնտեղի անկայունության մասին:

Ես հրավիրում եմ բոլոր նրանց, ովքեր հետաքրքված են Եգիպտոսում զբոսաշրջությամբ, կապ հաստատել դեսպանության հետ եւ եթե կան հարցեր, այցելել դեսպանություն կամ մուտք գործել դեսպանության կայք Facebook-ում Embassy of the Arab Republic of Egypt Yerevan:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ