News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Baku.am» կայքն արդեն հասանելի է նաեւ ադրբեջաներենով: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ներկայացնում է Բաքու քաղաքի հայ համայնքի հասարակական, մշակութային եւ գործարար կյանքը լուսաբանող իր բնույթով եզակի «Baku.am» կայքէջը` արդեն ադրբեջաներենով: Կայքէջի ադրբեջաներեն տարբերակի պատրաստմանը նպաստել են այն բազմաթիվ նամակներն ու լայն արձագանքը, որը հետեւեց կայքի գործարկմանը: Կայքէջը համալրվել է նորանոր նյութերով` Բաքվի հայկական նավթային ընկերությունների բաժնետոմսեր, լուսանկարներ, բացիկներ եւ այլն:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից NEWS.am-ին հայտնում են, որ «Baku.am» քառալեզու վեբկայքը անցած ութ ամիսների ընթացքում այցելել են շուրջ 70.000 օգտվողներ, ովքեր հնարավորություն ունեն ծանոթանալ Բաքու քաղաքի հայ համայնքի պատմության, ժառանգության ու ճակատագրի հետ:

Կայքէջում զետեղված հարյուրավոր լուսանկարներն ու փոստային բացիկները լուսաբանում են հայկական ընտանիքների, հայապատկան շենքերի, Բաքվում լույս տեսած հայկական մամուլի, գրահրատարակչության, գովազդային հայտարարությունների եւ, ընդհանրապես Բաքու քաղաքում հայկական երբեմնի մշակութային ներկայության պատմությունը:

Առանձին բաժնով ներկայացված է Բաքու քաղաքում 1905, 1918, 1990 թվականներին տեղի ունեցած հայկական կոտորածները լուսաբանող փաստաթղթեր եւ լուսանկարներ:

Բաքվի հայ համայնքը դարձավ ադրբեջանական եւ թուրքական իշխանությունների ծրագրած եւ երեք փուլով իրագործած էթնիկ զտման զոհ: Դրա արդյունքում դադարեց գոյություն ունենալ քաղաքի զարգացման պատմության մեջ ահռելի ներդրում կատարած հայկական տարրը:

20-րդ դարի սկզբին Բաքուն, հանդիսանալով Ռուսական կայսրության անդրկովկասյան տիրույթի խոշորագույն արդյունաբերական կենտրոն, ուներ հարուստ հայկական քաղաքակրթական ներկայություն: Հայերը կազմում էին քաղաքի երրորդ խոշոր էթնիկ խումբը` ռուսներից եւ բազմացեղ մահմեդական բնակչությունից հետո: Այդուհանդերձ, հայերն առաջնային տեղ էին զբաղեցնում քաղաքի հասարակական, մշակութային եւ գործարար կյանքում: Հենց հայ գործարարների շնորհիվ սկսվեց եւ մեծ թափ առավ Բաքվի նավթարդյունաբերությունը:

Հայ գործարարների միջոցներով եւ հայ ճարտարապետների նախագծերով ու եվրոպական ճարտարապետական լավագույն ավանդույթներով կառուցած շենքերը մինչ օրս զարդարում են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն: Ադրբեջանի ներկայիս իշխանությունների որդեգրած հակահայ քաղաքականությունը չի հանդուրժում որեւէ հիշատակում Բաքվում հայերի երբեմնի ներկայության ու քաղաքի պատմության մեջ նրանց թողած հարուստ մշակութային ժառանգության մասին:

Հիշեցնենք, որ կայքի պատրաստումը նախաձեռնել եւ իրականացրել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը` «Zօom graphics» ընկերության մասնակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ