News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երիտասարդ կենսաբանների ասոցիացիան բաց նամակով դիմել է Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին եւ Մշակույթի նախարար

Հասմիկ Պողոսյանին, որտեղ ահազանգում է, որ Հայաստանի քարանձավային էկոհամակարգերը վտանգված են:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Վերջերս ակտիվացել են դեպի Հայաստանի տարբեր քարանձավներ տուրեր կազմակերպող ակումբները, խմբերն ու գործակալությունները, նաեւ բազմաթիվ ծրագրեր են առաջարկվում դեպի քարանձավներ զբոսաշրջությունը խթանելու նպատակով: Սակայն շատ քչերին է անհանգստացնում այն փաստը, որ այդ այցելությունները կարող են վտանգել այդ քարանձավներում բնակվող կենդանատեսակների՝ մասնավորապես չղջիկների գոյությունը: Մեզ մասնավորապես անհանգստացնում է Վայոց Ձորում գտնվող Մագելի, Մոզրովի եւ Արջերի քարանձավների ճակատագիրը: Այս քարանձավներում իրենց ապաստանն են գտել ՀՀ Կարմիր գրքում եւ Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր գրքում գրանցված Հարավային պայտաքիթ (Rhinolophus euryale) եւ Մեծ պայտաքիթ (Rhinolophus ferrumequinum), իսկ չուի ընթացքում ժամանակավոր կացարան գտած Սրականջ գիշերաչղջիկ (Myotis blythii) եւ Սովորական երկարաթեւ (Miniopterus schreibersi) տեսակները:

Վերոհիշյալ քարանձավներն արագորեն վեր են ածվում զբոսաշրջության կենտրոնների, որտեղ ամռան եւ աշնան  ամիսներին նկատվում է զբոսաշրջիկների այցելությունների բարձր ակտիվություն: Մագելի քարանձավի մուտքը փակվել է 2007թ-ին, սակայն զբոսաշրջիկների այցերը շարունակվում են: Տարիների ընթացքում մարդածին գործոնների նկատմամբ զգայուն տարբեր տեսակներ լքել են քարանձավը:

Զբոսաշրջիկների հաճախակի այցելությունները Մագելի քարանձավ բերեցին նրան, որ վերջին տարիների ամռան վերջին ամիսներին եւ հիմնականում սեպտեմբերին քարանձավում ձեռքաթեւավորներ չեն հայտնաբերվում: Սեպտեմբերին քարանձավում սկսում են կուտակվել ձմեռման պատրաստվող  մեծ պայտաքթերը (գաղութում անհատների թիվը կարող է հասնել մինչեւ 7-8 հազարի), հարավային պայտաքթերը (մի քանի տասնյակ առանձնյակներ): Հարավային պայտաքթի ձմեռող մեծ գաղութ է հայտնի Արջերի քարանձավում: Այդ ամիսների ընթացքում զբոսաշրջիկների մուտքն ու ելքը  բավականին վտանգում է այդ կենդանիների գաղութները: Կենդանին, անցնելով ձմեռման, քուն է մտնում: Այդ ժամանակ կենդանու օրգանիզմում դանդաղում են կենսական նշանակություն ունեցող բոլոր պրոցեսները` սրտի աշխատանքը, նյութափոխանակությունը եւ այլն: Մուտք գործելով քարանձավ` զբոսաշրջիկն արթնացնում է ձմռան քուն մտած չղջիկներին, որոնք սկսում են այս ու այն կողմ թռչել: Կենդանու մոտ կենսական պրոցեսներն արագանում են, եւ նա փաստորեն սկսում է օգտագործել էներգիայի այն պաշարները, որոնք կուտակել էր  ամռան ամիսներին ձմռանը գոյատեւելու համար: Քանի որ ձմռանը կեր չկա (մոծակներ, գիշերաթիթեռներ) եւ  էներգիայի պաշարները բավարար չեն ձմեռն անցկացնելու համար, կենդանին կանգնում է ոչնչացման վտանգի առջեւ:

Բացի վերը նշվածից հայտնի է, որ չղջիկների մոտ սթրես են առաջացնում մարդկանց բարձր ձայները, լապտերի լույսը, մի խոսքով` մարդու մուտքը դեպի քարանձավ: Այդպիսի այցելությունները բերում են չղջիկների գաղթին եւ վերաբնակեցմանը:

Մարդածին գործոնների կործանարար ազդեցության արդյունքում  չղջիկները լքել են Մոզրովի քարանձավը, սակայն այն հանդիսանում է նաեւ միլիոնավոր տարիների ընթացքում առաջացած ստալագմիտերից եւ ստալակտիդներից կազմված բնության յուրահատուկ հուշարձան: Այս գեղեցկությունից անմասն չմնալու համար յուրաքանչյուր զբոսաշրջիկ, մտնելով քարանձավ, իր պարտքն է համարում մի կտոր պոկել այդ ապարներից եւ տանել իր հետ:

Մենք դեմ չենք էկոտուրիզմի եւ ընդհանրապես զբոսաշրջության զարգացմանը մեր երկրում, սակայն այն չպետք է զարգանա մեր երկրի կենսաբազմազանության կորստի հաշվին: Նշված քարանձավների հարեւանությամբ առկա են բազմաթիվ այլ քարանձավներ, որոնց ուղղությամբ արշավների կազմակերպումը չի բերի էկոհամակարգի կայունության խաթարմանը եւ տեսակների գաղթին:

Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա ՀԿ-ն, հիմնվելով գիտական հետազոտությունների արդյունքում ստացված փաստարկների վրա, ահազանգում է մեր երկրի յուրահատուկ էկոհամակարգերի` Մագելի, Մոզրովի եւ Արջերի քարանձավները կորցնելու վտանգի մասին եւ աղետը կանխելու համար առաջարկում է  իրականացնել հետեւյալ քայլերը.

1. Ճաղավանդակով արգելափակել եւ կողպել Մոզրովի եւ Արջերի քարանձավների մուտքը:

2. Չղջիկների բնականոն կենսակերպը չխաթարելու նպատակով գիտնականների, պետական եւ ոչ պետական սեկտորի շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ մշակել եւ ներդնել Մագելի, Մոզրովի եւ Արջերի քարանձավներ այցելությունների եւ պահպանման կանոնակարգ, ինչպես նաեւ քարանձավներ այցելությունների ժամանակացույց:

Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա ՀԿ իր կողմից պատրաստ է ներգրավել երիտասարդ մասնագետների` վերոհիշյալ առաջարկների իրականացման գործում»:

Տպել
Ամենաշատ