News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն արձագանքել է «Շիրակ Կենտրոնի» խնդրանքին եւ կացարանով ապահովել անտուն մնացած Սուսաննա Եղտիարյանի ընտանիքին:

Հիշեցնենք, որ «Շիրակ Կենտրոնը» խնդրել էր, որ դուռ-պատուհան եւ կտուր չունեցող կիսակառույց շինության մեջ, իսկ ձմռան ամիսներին էլ կայարանում կամ շենքերի մուտքերում պարտադրված գիշերող Սուսաննա Եղտիարյանին բացառության կարգով հատկացնել դեռեւս նախորդ տարի Մուշ-2 թաղամասում շահագործված, սակայն մինչեւ օրս չբաշխված հինգ բնակարաններից որեւէ մեկը` չսպասելով բնակարանների  հաջորդ տարի նախատեսված ընդհանուր բաշխմանը:

Սուսաննա Եղտիարյանի ընտանիքը երկրաշարժին կորցրել է 2 սենյականոց բնակարան, սակայն ներկայումս նա` բարձրագույն կրթությամբ 62-ամյա կինը մնացել է միայնակ, որդին եւ քույրը մահացել են, ուստի հաշվառված է Գյումրիի անօթեւանների հերթացուցակի 1-սենյականոց բնակարանի հավակնորդների 812-րդ հերթական համարում: Նշենք նաեւ, որ նա երկար ժամանակ չէր կարողանում բնակբաշխման հանձնաժողովին ներկայացնել բնակարան ստանալու համար պահանջվող բոլոր  փաստաթղթերը: 2011 թ. սեպտեմբերին «Շիրակ Կենտրոնի» աջակցությամբ  վերջապես համալրվել էր նրա փաստաթղթերի փաթեթը, եւ նա հանձնաժողովի կողմից  ճանաչվել է շահառու:  

«Մեր միջնորդագրին հաջորդող բնակբաշխման առաջին իսկ նիստում` հոկտեմբերի 19-ին ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանից ստացանք բանավոր մերժում: Թեեւ բառիս բուն իմաստով փողոցում հայտնված կնոջը իրեն հասանելիք բնակարանն ընդամենը մի քանի ամիս շուտ հատկացնելու  մեր միջնորդագիրը մերժվեց, սակայն մեր առաջարկությունը հենց այդ նույն  նիստում քննարկման թեմա դարձավ, եւ ՀՀ քաղաքաշինության նախարարի հորդորով` նիստին ներկա Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի բնակարանների հաշվառման եւ բաշխման բաժնի պետը խոստացավ մինչեւ հաջորդ տարի նախատեսվող բնակարանամուտը այդ կնոջն ապահովել հանրակացարանով, անգամ օգնել իրերի տեղափոխման հարցում: Եվ որպեսզի քաղաքապետարանի պաշտոնյան չմոռանար ժամանակավոր կացարան տրամադրելու  իր  խոստումը, մի միջնորդագիր էլ հոկտեմբերի 20-ին հղեցինք Գյումրիի քաղաքապետին: 

Երբ մի քանի օր առաջ կրկին այցելեցինք  Սուսաննա Եղտիարյանին, նրան տեսանք ցրտից կապտած, հիվանդ եւ անօգնական վիճակում: Խղճի մի փոքր նշույլ  ունեցող մարդու համար դժվար էր անգամ տեսնել, թե ինչպես է մարդը փողոցում, բոլորիս աչքի առաջ  մահանում` անհոգության եւ անտարբերության պատճառով: 

Մենք օգնության ակնկալիքով տարբեր դռներ նույնպես թակեցինք… Եվ բարեբախտաբար, Շիրակի թեմի առաջնորդը մեր խնդրանքին արձագանքեց` անտուն կնոջը տաք եւ ապահով ապաստան տրամադրելով թեմի սոցիալ-կրթական կենտրոնի շենքում»,- ասված է «Շիրակ Կենտրոնի» հաղորդագրության մեջ:

Տպել
Ամենաշատ