News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունն այսօր` նոյեմբերի 8-ին, խորհրդարանում անցկացվող բյուջետային քննարկումների ընթացքում ներկայացրեց հարկային փոփոխությունների փաթեթը: Թեեւ մշտական հանձնաժողովների համատեղ նիստը նախագահող Վարդան Այվազյանը (ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) հայտարարեց, որ այդ ներկայացումը շատ կարեւոր է ու երկար սպասված, այնուամենայնիվ` պատգամավորները զարմանալի պասիվություն հանդես բերեցին: Համատեղ նիստին ներկայացան ընդամենը 3 պատգամավոր, որից երկուսը` ուշացումով, ու միայն մեկը հարցեր ուղղեց: Սակայն պատգամավոր Արծվիկ Մինասյանի ու ՊԵԿ պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի մոտ 20 րոպեանոց բանավեճն այդպես էլ չվերհանեց հարկային փաթեթի էությունը, քանի որ հիմնականում վերաբերում էր Համաշխարհային բանկի փորձագիտական եզրակացությունների օբյեկտիվությանն ու մասնագիտական օգտակարությանը` ՀՀ-ում ստվերը ու հարկման ռեսուրսները գնահատելու առումով:

Ա. Մինասյանն, օրինակ, ընթերցում էր ՀԲ զեկույցի որոշ դրույթներ, հայտարարեց, որ ՀՆԱ-ում 5.8 տոկոսի չափով հարկային հավելյալ եամուտներ հավաքագրելու հնարավորություն կա: Կամ` ըստ նույն ՀԲ գնահատականների` 1-10 մլրդ դրամ շրջանառություն ունեցող ընկերությունները պատշաճորեն չեն իրականացնում եկամտահարկի ու շահութահարկի վճարումները, իսկ 10 մլրդ դրամից ավելի շրջանառություն ունեցողները` անուղղակի հարկերը, հատկապես ավելացված արժեքի հարկը:

Ի պատասխան Ա. Ալավերդյանն ասաց, որ ՀԲ-ն մի քանի զեկույց ունի, որոնք սովորաբար կազմվում են ՊԵԿ-ի տրամադրած տվյալների վրա, սակայն այդ զեկույցներում առկա եզրահանգումներն ու առաջարկությունները այնքան էլ հստակ ու հիմնավոր չեն:

Նշենք, որ հարկային փաթեթը մինչ այսօր հրապարակված չէ: NEWS.am-ի հարցմանը, թե ինչպես կարելի է ծանոթանալ հարկային փաթեթին, ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը խորհուրդ տվեց դիմել խորհրդարանի ներկայացուցիչներին: ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վ. Այվազյանը պատասխանեց, որ փաթեթը դրված է խորհրդարանի պաշտոնական կայքէջում` «օրակարգում չընդգրկվածները» բաժնում: Սակայն լրագրողների համատեղ փնտրտուքը ոչ օրակարգում ընդգրկվածների, ոչ չընդգրկվածների մեջ նման օրինագծեր չհայտնաբերեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ