News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` նոյեմբերի 11-ին, ընդունել է «Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի 2011 թվականի մրցանակին արժանացած Սթիվ Վոզնյակին, որի ժամանակ տեղի է ունեցել մրցանակի հանձնման արարողությունը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ մրցանակի հանձնման առիթով տեղի ունեցած ընդունելության ժամանակ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:

Նա իր ելույթում, մասնավորապես, ասել է.

«Լուրերի հոսքին հետեւողները, անգամ նրանք, ովքեր չեն կիրառում իրենց առօրյա կյանքում տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցները, շատ լավ գիտեն, թե ով է Սթիվ Վոզնյակը եւ ինչ դերակատարում է ունեցել: Նա այն մարդն է, ով հեղափոխեց աշխարհը` նախաձեռնելով առաջին անհատական համակարգիչների ստեղծումը: Նրա շնորհիվ համակարգիչները դուրս եկան գիտական ու ռազմական հաստատություններից, մեծ հիմնարկներից եւ մտան յուրաքանչյուր բնակարան, յուրաքանչյուր մարդու կենցաղ: Ընդհանուր առմամբ, ես դեմ եմ հեղափոխություններին, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք տեղի են ունենում քաղաքակրթության ոլորտում, այնպես՝ ինչպես ընդունվեց քրիստոնեությունը, ինչպես եղավ գրատպության, շոգեքարշի ստեղծման եւ, բնականաբար, համակարգիչների պարագայում: Սրանք ողջունելի հեղափոխություններ են:

Նրանք երկու ընկեր էին` երկուսն էլ Սթիվ անունով: Նրանցից մեկը` պարոն Ջոբսը, վերջերս անժամանակ հեռացավ կյանքից: Ձեր ընկերոջ կորստյան կապակցությամբ ես, իհարկե, ցավակցում եմ Ձեզ, նրա ընտանիքին, բարեկամներին, հարազատներին: Եվ վստահ եմ, որ Սթիվ Ջոբսը դեռ երկար տարիներ ոգեւորելու է շատ-շատ մարդկանց ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:

Հուսով եմ, որ այս հատուկ մրցանակը եւ Սթիվ Վոզնյակի օրինակը ոգեշնչելու են Հայաստանի ընտանիքներին` խրախուսելու իրենց զավակների ուսումը, որպեսզի այդ երեխաներն էլ հասնեն բարձունքների եւ նման մեծ ծառայություն մատուցեն իրենց հայրենիքին եւ ամբողջ մարդկությանը: Այն որակները, որ Ձեզ, պարո՛ն Վոզնյակ, փոխանցել, ներարկել է Ձեր հայրը, մշտապես լինելու են արդիական եւ պահանջված: Ուսումնատենչությունը, աշխատասիրությունը եւ ազնվությունը թույլ են տալիս գրավել ոչ միայն Ուոլ Սթրիթը, այլեւ ամբողջ աշխարհը` առանց բռնության եւ պատերազմի: Մանավանդ որ, ինչպես հայտնի է, ամենից թանկագին ու կարեւոր հաղթանակներն այն հաղթանակներն են, որոնք ձեռք են բերվում քիչ կորուստներով կամ առանց կորուստների:

Այսօր Հայաստանն արդեն արձանագրել է զգալի առաջընթաց տեղեկատվական եւ թվային տեխնոլոգիաների զարգացման բնագավառում: Այս ոլորտը Հայաստանի արդյունաբերության ամենաբարձր ավելացված արժեք ստեղծող եւ ամենաարագ զարգացող ճյուղն է, որն ամեն տարի արձանագրում է շուրջ 25 տոկոս աճ եւ առաջընթաց: Եվ ես ուրախ եմ, որ Հայաստանում արդեն գործում են 300-ից ավելի ընկերություններ, որոնք միավորում են 5000-ից ավելի մարդկանց ջանքեր, ովքեր ունեն սիրած աշխատանք, բարձր աշխատավարձ եւ պահանջված մասնագիտություն:

Խոսքիս այս հատվածում անպայման պետք է շնորհակալություն հայտնեմ այս մրցանակաբաշխությունը հնարավոր դարձրած բոլոր մարդկանց: Իմացե՛ք, որ սա ներդրում է Հայաստան երկրի եւ մեր ժողովրդի ապագայի համար, իսկական ծառայություն հայրենիքին, որ գնահատված է:

Կրկին շնորհավորում եմ Ձեզ այս մրցանակին արժանանալու կապակցությամբ: Շատ ուրախ եմ, որ դուք այստեղ՝ մեզ հետ եք: Անկասկած, այս կարճատեւ այցի ընթացքում Դուք կծանոթանաք մեր երկրին եւ հուսով ենք, որ կսիրեք այն: Իսկ մենք միշտ սպասում ենք մեր բարեկամներին եւ պատրաստ ենք նրանց փոխանցելու մեր սերն ու ջերմությունը:

Շատ ուրախ եմ, որ Դուք այսօր Հայաստանում եք եւ ուրախ եմ, որ արդեն մինչ այստեղ գալն ասել եք, թե դարձել եք Հայաստանի դեսպանը: Դա մեզ համար մեծ պատիվ է, հպարտություն, եւ մենք Ձեզ երախտապարտ ենք»:

Հիշեցնենք, որ Սթիվ Վոզնյակը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի մրցանակի երկրորդ արժանացողն է: Առաջին մրցանակը 2010թ. ստացել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը հիմնվել է Նախագահ Սերժ Սարգսյանի 2009թ. հուլիսի 6-ի հրամանագրով` նպատակ ունենալով խրախուսել այս ոլորտի զարգացումը: Մրցանակն ամենամյա է եւ շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրում կատարած անձանց, ում ներդրումները` տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական, ֆինանսական կամ այլ բնույթի, բերել են կամ բերում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նշանակալի զարգացումների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ