News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի տարածքային կառավարման նախարարությունը որոշել է հրաժարվել իր տնօրինության տակ գտնվող «Պեժո PARS» մակնիշի 2 մեքենաներից: Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի` տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, նոյեմբերի 17-ի կառավարության նիստում, հարց կներկայացնի այդ մեքենաները ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը վերադարձնելու մասին:

Մեքենաների տեղափոխումը մի հիմնարկի հաշվեկշռից մեկ այլ հիմնարկի հաշվեկշիռ սովորական երեւույթ է, սակայն տվյալ դեպքում առաջանում են մի շարք հարցադրումներ:

Տարածքային կառավարման նախարարությունը մեքենաները դուրս գրելու նպատակահարմարությունը պատճառաբանել է նրանով, որ երկու ավտոմեքենաներն էլ ֆիզիկապես մաշվել են, ընթացիկ սպասարկումը դարձել է խիստ ծախսատար եւ շահագործելու համար պահանջվում են ֆինանսական մեծ ներդրումներ:

Սակայն խնդիրն այն է, որ 2 մեքենաներն էլ 2007 թ. արտադրության են, ու հետեւաբար` ոչ մի կերպ չեն կարող համարվել ֆիզիկապես մաշված: Եթե այս սկզբունքով առաջնորդվեն նաեւ մյուս հիմնարկները` 3-4 տարվա ծառայողական մեքենաները համարելով ֆիզիկապես մաշված, ապա Հայաստանի պետական բյուջեն կհայտնվի բավական ծանր վիճակում:

Հատկանշական է, որ ֆինանսների նախարարությունը միանշանակ չի ընդունել տարածքային կառավարման նախարարության առաջարկությունը: «Հաշվի առնելով, որ 2007 թ. արտադրության ծառայողական ավտոմեքենաների ծառայության ժամկետը չի լրացել, իսկ դրանց դուրս գրման դեպքում կառաջանա նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտություն, առաջարկում ենք մեկ անգամ եւս քննարկել նշված ավտոմեքենաների դուրս գրման նպատակահարմարության հարցը»,- նշված է նախարարության պաշտոնական գրության մեջ:

Սակայն տարածքային կառավարման նախարարությունը չի փոխել իր դիրքորոշումը, սակայն նաեւ ոչ մի բացատրություն չի ներկայացրել, թե ինչու է 3-4 տարվա վաղեմության բավական հայտնի բրենդի մեքենան «ֆիզիկապես մաշվել»: Հավանաբար` փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը վստահ է, որ իր խնդրանքը կառավարությունը չի մերժի, որքան էլ այն անհիմն լինի:

 

Տպել
Ամենաշատ