News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Օրենսդրությունը թույլ է տալիս պետական մարմիններին ձեւավորել արտաբյուջետային հաշիվներ որը նրանք օգտագործում են իրենց հայեցողությամբ: Արտաբյուջետային հաշիվներին մուտք են լինում տույժերից ու տուգանքներից գանձվող գումարների մի մասը, այլ պետություններից կամ միջազգային կազմակերպություններից ստացած դրամաշնորհներ, վճարովի ծառայություններից մուտքեր:

Ըստ ֆինանսների նախարարության հրապարակման` պետական մարմինները 2011 թ. 9 ամսում ունեցել են նմանատիպ 16.6 մլրդ դրամ եկամուտներ: Սա այնքան էլ մեծ գումար չէ, եթե հաշվի առնենք, որ պետական բյուջեի եկամուտները եղել են 650 մլրդ դրամի սահմաններում: Սակայն պետական մարմիններից 3-ը, այնուամենայնիվ, բավական խոշոր արտաբյուջե ունեն: Դրանք են` ոստիկանությունը, պետեկամուտների կոմիտեն եւ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն: Այս 3 մարմիններին բաժին է ընկնում ընդհանուր արտաբյուջեի մոտ 90 տոկոսը: Որքան էլ զարմանալի է` արտաբյուջետային հաշիվ չունի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, թեեւ այդ գերատեսչության բյուջեն ամենափոքրերից մեկն է, իսկ գանձված տույժերը զգալիորեն ավելացել են:

Ոստիկանությունը 9 ամսում ունեցել է 8.2 մլրդ դրամի արտաբյուջետային եկամուտ, կամ ընդհանուր արտաբյուջեի կեսը բաժին է ընկնում այս գերատեսչությանը: Ոստիկանության արտաբյուջեում միայն 2.1 մլրդ դրամն է ստացվել տույժերից ու տուգանքներից, եկամտի հիմնական աղբյուրը ոստիկանության համակարգում վճարովի ծառայություններն են` 6 մլրդ դրամ: ոստիկանությունն իր արտաբյուջեի հիմնական մասը (մոտ 60 տոկոսը) ծախսում է աշխատավարձերի, հավելավճարների ու պարգեւատրումների նպատակով:

Արտաբյուջետային երկրորդ խոշոր հաշիվը պատկանում է ՊԵԿ-ին` 9 ամսում այդ հաշվին մուտքագրվել է մոտ 4 մլրդ դրամ: Հիմնականում դրանք մաքսավճարներ են` 2.6 մլրդ դրամի չափով, իսկ տույժերից ու տուգանքներից եկամուտները բավական փոքր գումար են կազմում` 256 մլն դրամ: ՊԵԿ-ը աշխատանքի վարձատրության նպատակով ծախսում է իր արտաբյուջեի մոտ կեսը, սակայն այստեղ մի հետաքրքիր առանձնահատկություն կա` նրանք պարգեւավճարներ են հատկացնում նաեւ ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարություններին:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի արտաբյուջեն 9 ամսվա կտրվածքով 2.3 մլրդ դրամ է: Նրանց եկամուտները ձեւավորվում են բացառապես ծառայությունների մատուցումից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ