Նոյեմբերի 13-21-ին հերթական այցով Հայաստանում էր գտնվող ԱՄՆ-ի եւ Միացյալ թագավորության փորձագետների խումբը` ՀՀ Զինված ուժերի անձնակազմի կառավարման համակարգի բարեփոխումների հարցերով խորհրդատվություն է տրամադրել:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստան ՊՆ-ում խորհրդատվական խումբն արդյունավետ քննարկումներ է անցկացրել կադրերի կառավարման ոլորտում ներգրավված պաշտպանության նախարարության եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչների հետ:
Քննարկումների հիմնական թեման ՀՀ Զինված ուժերում պրոֆեսիոնալ սերժանտական կազմի համակարգի ներդրման եւ զարգացման հարցերն են եղել: Մասնավորապես, հատուկ ուշադրության են արժանացել պրոֆեսիոնալ սերժանտների ընտության կարգը, պաշտոնին նշանակումը, կրթության եւ ուսման կազմակերպումը, որակավորումն ու ատեստավորումը, պաշտոնեական առաջխաղացումը եւ սոցիալական ապահովումը:
ԱՄՆ-ի եւ Միացյալ թագավորության համատեղ խորհրդատվական խմբին ընդունել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը` այցի արդյունքներն ամփոփելու եւ հետագա խորհրդատվական օժանդակությունը նախանշելու նպատակով: