News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում վախենում են խորհրդային ավանդների հարցը քննարկելուց, քանի որ նրանք հարկադրված են լինելու հսկայական գումարներ վճարել հայերին եւ ռուսներին: Ադրբեջանական «Ազադլըգ» թերթը, վկայակոչելով իր հավաստի աղբյուրները, հաղորդում է, որ ավանդների վերադարձնելու հարցը շատ լուրջ խնդիրների հետ է կապված: «Կարելի է ասել, որ ավանդ ստացողների ցուցակում են ընդգրկված 4 հարյուր հազար հայ եւ հարյուր 20 հազար ռուս: Խոսքը միլիոնավոր մանաթների մասին է, այսինքն Ադրբեջանը պետք է մեծ գումարներ վճարի Ռուսաստանի եւ Հայաստանին»,-գրում է թերթը:

Նշենք, որ Ադրբեջանի խորհրդարանի նոյեմբերի 22-ի նիստում պատգամավոր Ալի Մեսիլմին բարձրացրել է խորհրդային ավանդների վերադարձի հարցը: Նա շեշտել է, որ դրա հետ կապված օրինագիծ է մշակվում. «Ես չեմ հրաժարվում ղեկավարել օրինագծի պատրաստման գործընթացները: 125 պատգամավոր դեմ չեն դրան: Երրորդ անգամ օրինագիծը ավարտուն կերպով կներկայացվի տնտեսական քաղաքական հանձնաժողովի նախագահ Զիյադ Սեմդեզադեին», նրա խոսքը մեջբերում է «Ազադլըգը»:

«Ավանդների վերադարձը կապված է 2 միլիոն մարդկանց ճակատագրի հետ: Մարդիկ սպասում են, եւ ռեալ քայլեր պետք է ձեռնարկվեն»,-ասել է պատգամավորը:

Իր հերթին, Միլլի մեջլիսի խոսնակ Օգթայ Ասադովը հավանության է արժանացրել պատգամավորի առաջարկը եւ հայտնել, որ միջոցներ կան ավանդները վերադարձնելու համար, եւ կառավարությունը պետք է նախատապրաստի ավանդների վերադարձման մեխանիզմը: 

Այդուհանդերձ, հայերի եւ ռուսների ավանդների վերադարձի հարցը լրջորեն մտահոգում է Ադրբեջանի գործադիր եւ օրենսդիր իշխանության ղեկավարներին: 

«Իսկ ինչպես կարելի է այդ գործընթացից հեռու պահել հայերին եւ ռուսներին: Կառավարությունը կարծում է, որ գործը կհանգեցնի դատական գործընթաց սկսելուն: Իսկ Ադրբեջանը ոչ մի հնարավորություն չունի շահել այդ դատական գործը: Օգթայ Ասադովը ասել է, որ «այդ հարցի մասին խոսելու կարիք չկա», «անհրաժեշտ է այնպես անել, որ փողերը Ադրբեջանին մնան»,-հայտնում է «Ազադլըգ»-ը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ