News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 23-ից 26-ը հերթական այցով Երեւանում է գտնվում ՀՀ ռազմակրթական բարեփոխումներին օժանդակելու նպատակով ՆԱՏՕ-ի հովանու ներքո ձեւավորված միջազգային փորձագիտական խումբը: Խմբում ընդգրկված են Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Չեխիայի, Լիտվայի, Ռումինիայի, Շվեյցարիայի, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի ռազմական եւ քաղաքացիական բաղադրիչների ներկայացուցիչները:

Հայաստանի ՊՆ լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի առաջին օրը ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կազմակերպված ընդլայնված կազմով քննարկումներն անցան պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի ղեկավարությամբ: Միջազգային փորձագիտական խմբի եւ ԱՄՆ փոխդեսպան Բրյուս Դոնահյուի մասնակցությամբ կայացած այս հանդիպման ընթացքում ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր, դոկտոր Հայկ Քոթանջյանը ներկայացրել է ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կերպափոխմամբ ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային համալսարանի ստեղծման նախագիծը, որի վերաբերյալ ներկաները տվել են իրենց հարցերն ու մեկնաբանությունները: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել են, որ Հայաստանը կարեւորում է ռազմավարական մակարդակում ռազմական եւ պաշտպանական անվտանգային կրթություն իրականացնող գիտակրթական այսօրինակ հաստատության ստեղծումը: Նա ընդգծել է հայաստանյան կողմի պատրաստակամությունը` ԱՄՆ-ի գործընկերների հետ շարունակելու համագործակցությունն այս ծրագրի շրջանակներում: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը պատրաստ է անհրաժեշտ գիտակրթական եւ կազմակերպական աջակցություն ցուցաբերել Պաշտպանական ազգային համալսարանի ձեւավորման գործընթացում:

Նույն օրը փորձագիտական խմբի հետ հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը` ներկայացնելով ռազմակրթական բարեփոխումների ոլորտում պաշտպանության նախարարության արձանագրած առաջընթացը եւ փորձագիտական խմբի ուշադրությունը բեւեռելով ՀՀ ՊՆ հրամանատարաշտաբային ակադեմիայի ստեղծման ուղղությամբ ընթացող աշխատանքների, ուսումնակրթական ծրագրերի վերանայման, արհեստավարժ սերժանտական համակարգի զարգացման գործում կադրային կառավարման եւ կրթական ծրագրերի փոխկապակցման եւ մի շարք այլ հարցերի վրա:

Միջազգային փորձագիտական խմբի այցի արդյունքում նախատեսվում է ավարտական տեսքի բերել ավագ սպաների համար նախատեսված հրամանատարաշտաբային դասընթացի ծրագիրը, համաձայնեցնել դասախոսների վերապատրաստման, ուսումնանյութական բազայի արդիականացման եւ դասավանդվելիք առարկաների բովանդակության հետ կապված հարցերը: Պայմանավորվածություն ձեռք կբերվի նաեւ Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում ներկայումս մշակվող սերժանտական կազմի համընդհանուր եվրոատլանտյան ուսումնական ծրագրի (Partnership for Peace Generic NCO Reference Curriculum) մշակման միջազգային գործընթացում ՀՀ պաշտպանության նախարարության մասնակցության վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ