News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում  (Պոլիտեխնիկ) այսօր` դեկտեմբերի 21-ին, տեղի է ունեցել զույգ փաստաթղթերի ստորագրման արարողություն: Նախ` ՀՊՃՀ եւ «Ագրոսայնս» գիտա-արտադրական ՍՊԸ-ի միջեւ կնքվել է գիտատեխնիկական համագործակցության պայմանագիր, ապա` ՀՊՃՀ-ն եւ Microsoft ընկերության հայաստանյան գրասենյակը ստորագրել են համատեղ կրթական ծրագրերի իրականացման վերաբերյալ հուշագիր:

ՀՊՃՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ «Ագրոսայնս» ՍՊԸ համահիմնադիր Վաչագան Նուշիկյանը Հայաստանի համար ռազմավարական է համարել գիտության եւ արդյունաբերության սերտ համագործակցությունը: Նա, մասնավորապես, առանձնացրել է ՀՊՃՀ գիտնականների, խաղողագործների ու թունաքիմիկատների արտադրությամբ զբաղվող մասնագետների շահեկան համագործակցությունը, ինչի շնորհիվ ակներեւ են բարձր արտադրողականությունը մի կողմից, եւ էկոլոգիապես մաքուր ու բարձրորակ մթերքը` մյուս կողմից, որոնք Հայաստանը կարող են դարձնել մրցունակ եւ խոստումնալից պետություն:

Պայմանագրով նախատեսված է ՀՊՃՀ Գիտական ստորաբաժանման ենթակառուցվածքում եւ Քիմիական տեխնոլոգիաների ու բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետում հիմնել Էկոլոգիապես անվտանգ գյուղատնտեսական նոր թունաքիմիկատների եւ պատրաստուկային ձեւերի ստացման տեխնոլոգիայի մշակման եւ որակի վերահսկման ժամանակակից լաբորատոր բազա, ինչպես նաեւ իրականացնել համատեղ գիտա-ուսումնական  ծրագրեր:

Microsoft ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգոր Բարսեղյանն իր ելույթում նշել է, որ համաշխարհային շուկայում մեծ համբավ վայելող Microsoft-ի ծրագրային համակարգերն ու տեղեկատվական միջոցները հետայսու ՀՊՃՀ-ի համար կլինեն 80-90%-ով ավելի էժան, իսկ 10 000-ից ավել գերժամանակակից տեղեկատվական միջոցներով հագեցած էլեկտրոնային փոստեր ուսանողներին եւ դասախոսներին կտրամադրվեն անվճար:

Փաստորեն, սույն պայմանագրով ՀՊՃՀ-ում կհիմնվի Microsoft ընկերության ՏՏ ակադեմիա, կկազմակերպվեն միջազգային սերտիֆիկացման վերապատրաստման դասընթացներ համալսարանի դասախոսների եւ ուսանողների համար, ՀՊՃՀ-ում կներդրվի ընկերության Live@edu համակարգը, որն առաջարկում է հաղորդակցման եւ համագործակցության բարձրակարգ ծառայություններ եւ գործիքներ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ