News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի Նարդարան ավանում հոգեւորականների եւ հավատացյալների զանգվածային ձերբակալություններ են սկսվել: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը` վկայակոչելով ավանի բնակիչների վկայությունները: Խոսելով վերջին շրջանում ավանում տեղի ունեցող ապօրինի ձերբակալությունների մասին` բնակիչներից մեկը նշել է, որ անհասկանալի պատճառներով ձերբակալում են Հաջջ ուխտագնացություն կատարած հավատացյալներին: «Նրանք երիտասարդ տարիքից պաս են պահում, նամազ են անում, նյութապես օժանդակում են ավանում անցկացվող կրոնական արարողություններին: Նրանց ձերբակալել են Հաջջ ուխտագնացություն կատարելուց հետո»,-հայտնել է բնակիչը:

Մեկ այլ բնակիչ էլ նշել է, որ գյուղին օրական 14-17 ժամ զրկում են էլեկտրաէներգիայից, այդուհանդերձ իրենք հատկապես մտահոգված են հաջիների (Հաջջ ուխտագնացություն կատարած հավատացյալների) ձերբակալությունների առթիվ:

«Մեզ ամենից շատ անհանգստացնում է մեր հաջիների ձերբակալությունը: Հաջի Էլշենին, Հաջի Դիլավերին եւ Մեշեդի Իմանին ապօրինաբար ձերբակալել են: Տարել են եւս 5-6 հոգու, սակայն նրանց անունները չեն հայտնում: Հաջերին ձերբակալելով նրանք դուրս են գալիս մեր եւ մեր կրոնի դեմ: Մենք պայմաններ ենք ստեղծել, թող իշխանության ներկայացուցիչները գան եւ իրենց աչքի առաջ Ղուրանի վրա երդվենք, որ ձերբակալվածներն անմեղ են»,-ասել է Նարդարանի բնակիչը, մեջբերում է «Ենի Մուսավաթ»-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի Նարդարան գյուղի բնակիչները որոշում էին կայացրել հրաժարվելու Ադրբեջանի քաղաքացիությունից` ի նշան բողոքի իրենց սոցիալ-տնտեսական խնդիրների չլուծվածության եւ համագյուղացիների նկատմամբ կիրառվող ճնշումների առթիվ:

Նշենք նաեւ, որ դեկտեմբերի 6-ին Աշուրա սգո տոնակատարության անցկացումից հետո Ադրբեջանում խստացել են ճնշումներն ու հալածանքները հոգեւորականների նկատմամբ: Այսպես, Գյանջա քաղաքում Աշուրա օրվան նվիրված սգո արարողությանը մասնակցելու համար հոգեւորականներ էին ձերբակալվել, բացի այդ ոստիկանությունը փակել էր դեպի մզկիթներ տանող ճանապարհը:

 

Տպել
Ամենաշատ