News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ծանրամարտի աշխարհի հայ չեմպիոնների համար 2012 թվականը հաջողությունների եւ անհաջողությունների տարի էր: Սակայն նրանք մեծ սպասելիքներ ունեն 2012-ից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին ծանրամարտի աշխարհի չեմպիոններ Նազիկ Ավդալյանը եւ Տիգրան Գ. Մարտիրոսյանը:

Ամփոփելով 2011-ը Նազիկ Ավդալյանը նկատեց. «Անցնող տարին իր հետ բերեց փոփոխական հաջողություններ եւ անհաջողություններ: Ինչպես ասում են, իրար հաջորդեցին կյանքի սեւ եւ սպիտակ գծերը: Ընդհանուր առմամբ պետք է իմ գոհունակությունը հայտնեմ անցնող տարուց, քանի որ առողջականիս հետ կապված հարցերը բարեհաջող լուծում ստացան, ապաքինվեցի եւ աստիճանաբար իմ ուժերն եմ վերականգնում: Ես ոչ միայն հավատում եմ, այլեւ վստահ եմ, որ  հավատը սարեր է շրջում: Հետեւաբար` ամուր հավատ եմ մաղթում իմ հայրենակիցներին, այնքան ամուր եւ հուսալի, որ կարողանան դուրս գալ դժվար իրավիճակներից: Համոզված եմ, որ դրան կնպաստի միմյանց հանդեպ հանդուրժող եւ համբերատար լինելը: Սիրելի ժողովուրդ, իմ հայրենակիցներ մաղթում եմ ձեզ գալիք տարում հաջողություններ, առողջություն եւ անսահման սեր: Սիրո պակասից է, որ աշխարհում աղետներ ու զոհեր են լինում: Մեծ հավատով կրկնում եմ աստվածաշնչյան տողերը.«Սիրեցեք զմիմեանս», շնորհավոր Նոր տարի»:

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Տիգրան Գ. Մարտիրոսյանը, ամփոփելով 2011-ը, հիշեցրեց, որ  աշխարհի առաջնությանը մասնակցեց եւ 4-րդ տեղը գրավեց, ինչն իր համար անհաջող ելույթ է, քանի որ ակնկալում էր կրկնել անցած տարվա հաջողությունը: «Ավաղ, չկարողացա: Ես նաեւ դրա պատճառներն ունեի: Բոլորն էլ գիտեին, որ ուսի վնասվածք ունեմ, հետեւաբար չկարողացա հաղթանակս կրկնել: Բայց ես գնացել եմ Գերմանիա, բուժման կուրսեր եմ անցել եւ հիմա ինձ լավ եմ զգում»,- ավելացրեց Տիգրան Գ. Մարտիրոսյանը:

Տիգրան Գ. Մարտիրոսյանը նպատակ ունի 2012-ին դառնալ օլիմպիական չեմպիոն: «Չեմ խոստանում, բայց ինձանից կախված ամեն ինչ կանեմ, որ այդ նպատակին հասնեմ: Շնորհավորում եմ բոլորի Ամանորը եւ Սուրբ ծնունդը: Բոլորին ցանկանում եմ առողջություն, երջանկություն, ընտանեկան անդորր եւ գործերի մեջ հաջողություններ: Եվ, քանի որ մյուս տարի մեր մարզաշխարհի համար շատ սպասված տարի է` 2012-ը օլիմպիական տարի է` բոլորին մաղթում եմ, որ իրենց ամենամեծ բարձրունքին հասնեն եւ երազանքներն իրականացնեն»,- բարեմաղթեց ծանրամարտի աշխարհի չեմպիոն Տիգրան Գ. Մարտիրոսյանը:

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ