News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանում հռչակված են որպես զարգացման գերակա ուղղություն: Հենց այս ոլորտի զարգացումները պետք է հիմքեր ստեղծեն առաջիկա տասնամյակում Հայաստանի տնտեսության առաջընթացի համար: Ընդհանուր առմամբ` տարին հագեցած էր ՏՏ իրադարձություններով, որոնցից առանձնացնում ենք կարեւորագույնները.

1. Հոկտեմբերի 10-11-ին Երևանում տեղի ունեցավ «ԱրմԹեք 2011» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 4-րդ ամենամյա hամաժողովը: Համաժողովը կարեւոր միջոց է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտը գլոբալ ճանաչելի դարձնելու համար:  Մասնակցեցին մոտ 230 ընկերությունների ներկայացուցիչներ, այդ թվում`Synopsys Inc-ի նախագահ, դոկտոր Չի-Ֆուն Չանը, D-Լink-ի փոխնախագահ Թոմաս Հուանգը, այլ հայտնի ընկերությունների ղեկավարներ: 

2. Հաջողված էր «Դիջիթեք» տեղեկատվական, հեռահաղորդակցման եւ բարձր տեխնոլոգիաների մասնագիտացված միջազգային ցուցահանդեսը, որն անցկացվեց հոկտեմբերի 7-9-ը: Այս տարի ցուցահանդեսին մասնակցեցին հայկական, սինգապուրյան, թայվանական, ռուսական, լեհական, վրացական 115 ընկերություններ, ինչը 70 տոկոսով ավելի էր նախորդ տարվա 68  ընկերությունների մասնակցության համեմատ:

3. 2011թ. մայիսի 11-ին` պաշտոնապես բացվել է «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը: Սա ամերիկյան հանրահատ Microsoft ընկերության առաջին նմանատիպ կենտրոնն է Հարավային Կովկասում: Կենտրոնի հիմնական նպատակը Հայաստանում նորարարության խթանումն է, նոր գաղափարների բացահայտումն ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորոտում նոր լուծումների ստեղծումն ու դրանց ներդրումը տնտեսության տարբեր ոլորտներում: Առաջիկա 3 տարիների համար կենտրոնի ծրագրով նախատեսվում է Հայաստանի ՏՏ ոլորտում 200 նոր աշխատատեղերի ստեղծում, 50 գործող ձեռնարկությունների աջակցություն, 10  նորաստեղծ ձեռնարկությունների կայացում եւ 20 ծրագրային ինովացիոն ապրանքատեսակների ստեղծում իրականացնել։

4. Ինտերնետ հասանելիությունը տարվա ընթացքում կտրուկ աճեց: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մոտ 12 անգամ իջեցրեց ինտերնետի մեծածախ սակագինը, որը ներկայում կազմում է 35.6 հազ. դրամ 1 Մբիթ/վայրկյանի համար: Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի` Հայաստանում ինտերնետից օգտվում է 341 հազ. մարդ:

5. Հիմնվել է «Նոկիա» մոբայլ ծրագրերի տարածաշրջանային լաբորատորիան («mLab ECA»): Լաբորատորիան կսպասարկի Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներին: Աշխարհում գոյություն ունեն 5 նմանատիպ լաբորատորիաներ` 2-ը Աֆրիկայում, 2-ը` Ասիայում, եւ 5-րդը` Հայաստանում: Հայաստանի կենտրոնը կսպասարկի ԱՊՀ բոլոր պետություններին, ներառյալ Ադրբեջանը, բացառությամբ Ռուսաստանի:

6. Գյումրիում ապրիլին բացվեց «Դ-Լինք»  տարածաշրջանային հետազոտական կենտրոնը, որը եւս միակն է տարածաշրջանում:  Մի քանի ամիսների աշխատանքի արդյունքում «Դ-Լինք»  ընկերության ղեկավարությունը որոշում կայացրեց 5 տարվա ընթացքում կենտրոնի աշխատակիցների քանակը հասցնել մինչեւ 80-ի:

7. Երեւանի պետական համալսարանի Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի մասնաշենքում նոյեմբերի 7-ին բացվեց  Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնը: Այն համալրվել է PARAM գերհամակարգչով, որը տարածաշրջանում միակն է եւ բացառիկ հնարավորություն է ստեղծում նոր հետազոտական աշխատանքների իրականացման համար:

8. 2011թ.-ի հունիսի 24-25-ը կազմակերպվել է «ԴիջիԹեք Բիզնես» ֆորումը: Ֆորումի ընթացքում իրենց տեխնոլոգիական նորագույն լուծումներն ու ինովացիոն մոտեցումները ներկայացրեցին շուրջ 30 կազմակերպություններ:

9. Ամենահիշարժան իրադարձություններից մեկը Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակի այցելությունն էր Հայաստան, որին շնորհվեց ՀՀ նախագահի մրցանակը ՏՏ համաշխարհային ոլորտում մեծ ներդրում կատարելու համար։

10.  Սթիվ Ջոբսի հայկական դաստիարակությունը. Թեեւ սա ուղղակիորեն կապ չունի Հայաստանի հետ, այնուամենայնիվ` Ս. Ջոբսի հայկական ընտանիքում մեծացած լինելու փաստը պակաս առիթ չէր հայկական տեխնոլոգիական աշխարհը ճանաչելի դարձնելու համար:

 

Տարբերակը` Սամվել Ավագյան

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ