News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի տնտեսական կյանքում 2011 թվականին որեւէ ձեռքբերում չի եղել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երեւանի նախկին քաղաքապետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը:

«Ձեռքբերում կլիներ այն, որ գոնե հույս թողնեին, որ ինչ-որ բան Հայաստանի տնտեսական կյանքում կարող է փոխվել: Բայց, ցավոք, հակառակը եղավ, այն խոստումները, որ տրվել էին` տնտեսական դաշտում փոփոխություններ, հավասար պայմաններ, մենաշնորհների վերացում, իրականություն չդարձան: Տնտեսական կյանքւմ արտառոց որեւէ բան լավ իմաստով չի եղել»,- նշեց Վահագն Խաչատրյանը:

Վերջինիս խոսքով, տարվա ամենամեծ կորուստը հավատի կորուստն էր: «Եթե տարվա սկզբին հավատ կար, որ կարող է ինչ-որ բան փոխվել տնտեսական համակարգում, խաղի կանոնները փոխվեն տնտեսվարողների համար, ապա տարեվերջը ցույց տվեց, որ պետք չէ այսօրվա իշխանություններից որեւէ ակնկալիք ունենալ»,- նշեց ՀԱԿ ներկայացուցիչը:

Խաչատրյանը 2012-ի ակնկալիքները կապում է միայն իշխանափոխության հետ: «Եթե նույն մարդիկ մնան իշխանության ղեկին, նրանք փոփոխություն չեն կարող իրականացնել: ՀՀԿ-ն եւ Սերժ Սարգսյանն ապացուցում են, որ իրենք ընդունակ չեն այլ ձեւով աշխատելու եւ հանուն իրենց վերարտադրման ողջ համակարգը ծառայեցնում են իրենց շահերին, գործում են հակասահմանադրական դաշտում: Համակարգը ի վիճակի չէ դրական փոփոխություններ անելու»,- ասաց նա` Նոր տարվա համար Հայաստանի քաղաքացիներին մաղթելով, որ չկորցնեն հավատը, հանուն արժանապատիվ կյանքի պայքարեն իրավունքների համար: «Առողջություն եւ պայքարի ոգին մնա իրենց մեջ, հակառակ դեպքում երկիր կկորցնենք»,- ամփոփեց Վահագն Խաչատրյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ