News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի վերջին ու հունվարի առաջին օրերին Հայաստանում գնային անոմալիաները սովորական երեւույթ են: Պայմանավորված պահանջարկի եւ շրջանառությունում փողի զանգվածի կտրուկ աճով` կարճաժամկետ կտրվածքով կարող են տեղի ունենալ գնային ուժեղ տատանումներ: Իրավիճակը կարող է բարդանալ այն ապրանքային խմբերում, որտեղ առկա են գերիշխող դիրք գրավողներ: Սակայն այս անգամ գերիշխողները բավական զուսպ էին, ու ձեթի, շաքարավազի, ձվի եւ այլ շուկաներում գնային անոմալիաներ տեղի չունեցան: Միակ բացառությունը բանանն էր, որ դեկտեմբերի 30-ին եւ 31-ին դարձավ դեֆիցիտային, իսկ որոշ խանութներում բանանի 1 կգ-ի գինը հասել է 3000 դրամի: Սակայն հունվարի 4-ից այս շուկայում գները նույնպես կարգավորվել են, եւ ներկայում բանանը վաճառվում է կգ-ը 600-800 դրամով: Նշենք, որ բանանի շուկայում գերիշխող են 2 ընկերություններ` «Քեթրին» եւ «Սեւան»:

Դեկտեմբերի 30-ին եւ 31-ին որոշ աճ է գրանցվել տավարի եւ հնդկահավի մսի գնում: Այսպես` տավարի փափուկ միսը վաճառվել է 3500 դրամով` կգ-ի համար, նախկին 3300 դրամի համեմատ: Նշենք, որ հունվարի 1-ի առավոտյան Երեւանում բաց էին միայն մսի վաճառակետերը, ինչպես օրինակ ԳՈՒՄ-ի մոտի մսի պասաժը: Հնդկահավի մսի գինն ավելի կտրուկ աճեց: Սովորաբար հնդկահավի կգ-ը վաճառվում է 2800-3000 դրամով, սակայն դեկտեմբերի վերջերին այն հասավ մինչեւ 5000 դրամի: Փոխարենը` էժանացում եղավ տեղական խոզի մսի մասով` այն տարեւերջում վաճառվում էր մոտ 3000 դրամով, 3300 դրամի փոխարեն: Պատճառը` մեծ քանակությամբ ներմուծված էժան բրազիլիական խոզի միսն էր: Բրազիլիական միսը տարեւերջում մի փոքր թանկացավ, ու արժեր 2200 դրամ` 1 կգ-ի համար:

Որոշ բարձրացումներ տեղի ունեցան ներմուծված ցիտրուսայինների գներում, իսկ ահա տեղական խնձորն ու ընկույզը գործնականում չթանկացան: Ընկույզի միջուկ այսօր էլ կարելի է գտնել կգ-ը 4000 դրամով` ինչպես եւ նոյեմբերին: Խնձորը թեեւ թանկացման միտում է դրսեւորում, սակայն դա բացառապես սեզոնայնությամբ է պայմանավորված` աստիճանաբար խնձորի պահուստավորված պաշարները սպառվում են: Իսկ ահա նարինջն ու մանդարինը Ամանորի հենց նախաշեմին տհաճ անակնկալ մատուցեցին` թանկանալով 100-200 դրամով: Նարինջի կգ-ն արժե մոտ 800 դրամ, իսկ մանդարինը` 500-600 դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ