News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանում համաճարակային իրավիճակը, սննդային թունավորումների եւ վարակիչ հիվանդությունների առումով, հանգիստ է: Այդ մասին այսօր` հունվարի 10-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության տեսչության պետ Արտավազդ Վանյանը:

Նրա խոսքով, հունվարի 1-9 ժամանակահատվածում խմբային թունավորումներ չեն արձանագրվել (նախորդ տարի նման 1 դեպք եղել է), սակայն արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք Լոռիում (շուշանի թթուի պահածոյից): Ալկոհոլի չարաշահման 15 դեպք է եղել, եւ մի քանի դեպք` կապված մարսողական համակարգի խանգարումների հետ` սննդային գործոններով պայմանավորված:

Ա. Վանյանի կարծիքով` իրավիճակի հանգիստ լինելը պայմանավորված է կանխարգելիչ միջոցառումների իրականացմամբ, բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքներով: Մասնավորապես` տնային տնտեսուհիները զգուշություն են ցուցաբերել աղցանների պատրաստման եւ պահպանման հարցում, քանի որ աղցանները սննդային թունավորումների հիմնական աղբյուրն են (հարկ է աղցանը պահել սառը վայրում, իսկ թթվասերն ու մայոնեզը ավելացնել միայն մատուցելուց առաջ):

Ըստ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանի տեղեկատվության` Ամանորի ընթացքում արձանագրվել է շտապօգնության կանչերի աճ, որը սակայն պայմանավորված է ոչ թե համաճարակային իրավիճակի վատթարացմամբ, այլ այդ ծառայության մատչելության բարձրացմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ