News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այսօր` հունվարի 20-ին, 82-րդ տարում մահացել է հայ անվանի պատմաբան, հայագետ-արեւելագետ, ակադեմիկոս Մանվել Կարապետի Զուլալյանը: Մեծ է նրա ներդրումը Հայաստանի, ինչպես նաեւ համաշխարհային պատմության առանցքային շատ հիմնահարցերի ուսումնասիրության գործում:

Վարչապետի որոշմամբ, ստեղծվել է Մանվել Զուլալյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով:

Հանձնաժողովից տեղեկացնում են, որ ականավոր գիտնականի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 22-ին, ժամը 18-ին` Սբ. Հովհաննես եկեղեցում, իսկ հունվարի 23-ին ժամը 12-ից 14-ը ակադեմիկոսին հրաժեշտ կտան Գիտությունների ազգային ակադեմիայում, որտեղից, ժամը 14-ին նրա մարմինը կտեղափոխվի քաղաքային պանթեոն:

Մանվել Զուլալյանի գիտական հետազոտությունների համակարգված ամբողջացումն էր «Արեւմտյան Հայաստանը 16-18-րդ դարերում» մենագրությունը (Երեւան, 1980): 1990թ. Մ. Զուլալյանը հրատարակեց «Հայ ժողովրդի պատմության հարցերը ըստ եվրոպացի հեղինակների (13-18-րդ դդ.)» հետազոտության առաջին գիրքը, որը նվիրված էր Հայաստանի քաղաքական պատմության հիմնահարցերի համակողմանի լուսաբանման համար օտար հեղինակների կարեւոր դիտարկումների ու հաղորդումների հետազոտմանը:

Ակադեմիկոս Մ. Զուլալյանը որպես հեղինակ իր ակտիվ մասնակցությունն է բերել ԳԱ հրատարակած «Հայ ժողովրդի պատմություն» բազմահատորյակի ստեղծման աշխատանքներին:

Գիտահետազոտական աշխատանքներին զուգահեռ Մ. Զուլալյանը տասնամյակներ շարունակ դասավանդել է Երեւանի Պետական համալսարանում, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, եղել է Ընդհանուր /Համաշխարհային/ պատմության ամբիոնի վարիչ, իրեն հատուկ եռանդով ուսանողներին հաղորդել հարուստ եւ բազմակողմանի գիտելիքներ: Մանվել Զուլալյանը երկար տարիներ եղել է ՀՀ ԲՈՀ-ի մասնագիտական խորհուդների անդամ, նրա խստապահանջ ու հոգատար ղեկավարությամբ շատ ասպիրանտներ պաշտպանել են  թեկնածուական ատենախոսություններ:

Հարազատ ժողովրդի պատմությանը նվիրյալ վաստակաշատ, լայն ընդրկման տեր գիտնականի հիշատակը միշտ անմոռաց կմնա իր գործընկերների եւ բազմաթիվ աշակերտների մոտ, եւ իր հիմնարար աշխատություններով Մ. Զուլալյանը կշարունակի հավատարմորեն ծառայել երախտապարտ իր ժողովրդին»,- ասված է ՀՀ կրության եւ գիտության նախարարության, ՀՀ ԳԱԱ եւ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի տարածած ցավակցական ուղերձում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ