News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Դեռ հայտնի չէ, թե ով է ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ-2012» միջազգային երաժշտական մրցույթում, որը  տեղի է ունենալու մայիսի 22-26-ին Բաքվում: Նաեւ հայտնի չէ, թե ինչ սկզբունքով եւ ինչպես է ընտրվելու կատարողը: Սակայն հավանական թեկնածուներին արդեն քննարկում են սոցիալական ցանցերում եւ հասարակության լայն շրջանակներում: Ամենից շատ այս առումով հնչում է Դորիանս ռոք խմբի անունը, որի պրոդյուսեր Վահագն Գեւորգյանը համաձայնել է պատասխանել  NEWS.am-ի մի քանի հարցերին: 

Ինչպե՞ս եք դուք վերաբերվում Հայսատանի` «Եվրատեսիլ -2012»-ին մասնակցելու որոշմանը:

Իմ կարծիքով, այստեղ ամենակարեւորը պատվիրակության բոլոր անդամների անվտանգության ապահովումն է: Եթե դա ապահովվի, կարծում եմ, ճիշտ կլինի մասնակցել: Հույս ունեմ, որ մենք այն երկիրն ենք, որն իր քաղաքացուն չի թողնի բախտի քմահաճույքին:

«Եվրատեսիլի» Հայկական պատվիրակությունը խիստ գաղտնի է, չեն հայտնում, երբ եւ ինչպես է ընտրվելու մասնակիցը: Ի՞նչ կանխատեսումներ ունեք, ինչպե՞ս են պատրաստվում ընտրել: Եթե մրցույթ հայտարարվի, Դորիանսը կմասնակցի՞:

Կարծում եմ, մասնակցին կընտրի Հանրային հեռուստաընկերությունը: Ինչն ավելի ճիշտ կլինի, դժվար է ասել, կախված է Հանրային հեռուստաընկերության ընտրությունից: Մենք մրցույթն էլ ենք տեսել, ընտրությունն էլ` ոչ մի տարբերություն չեմ տեսնում: Եթե ես վստահ լինեմ, որ նախապես ընտրություն չի արվել, կմասնակցեմ մրցույթին, այլապես` ոչ:

Հավանական թեկնածուների շարքում շատ է հնչում Դորիանսի անունը: Ոչ պաշտոնական ինչ-որ առաջարկություններ, ակնարկներ չե՞ն եղել:

Ոչ, քննարկումներ չեն եղել, եւ բնական է, որ Դորիանսին նշում են թեկնածուների շարքում, հարցնում` դուք ինչ եք մտածում, եւ այդպես շարունակ: Նման խոսակցություններ եղել են: Չեմ կարող ասել, թե ինչքան է հավանականությունը, որ Հանրային հեռուստաընկերության ընտրությունը մեզ վրա կանգ կառնի: Մենք երբեք «Եվրատեսիլին» մասնակցելու հիվանդությամբ չենք տառապել, սակայն Ադրբեջանի հաղթանակից հետո բազմիցս հայտարարել ենք, որ անվտանգության ապահովման դեպքում պատրաստ ենք ներկայացնել Հայաստանը Բաքվում: Հասկանալով ամբողջ պատասխանատվությունը` ցանկություն ունենք մեր ձեւաչափի մեջ հանդես գալ, եւ մենք պատրաստ ենք դա անելու Բաքվում, եթե մեզ այնտեղ ցանկանան տեսնել:

 

Facebook-ի  Ձեր էջում ինչ-որ երգի տեքստ է տեղադրված, որի տակ գրված է, որ դուք կուզենայիք, որ այդ երգը հնչեր Հայաստանի այս կամ այն բեմից:

Երգը մենք ինքներս ենք ընտրել` մեր մեջ քննարկելով «Եվրատեսիլին» մասնակցելու տարբերակը; Ընտրվեց այդ երգը, որն անմիջապես գրվել էր Ադրբեջանի հաղթանակից հետո: Այն 1 տարի է, ինչ գրվել է, բայց քանի որ  «Եվրատեսիլի» կանոններով ստեղծագործությունը չպետք է հնչեր մինչեւ հոկտեմբերի 1-ը, մենք որոշեցինք այն առաջին անգամն երգել հունվարի 28-ին` ակումբներից մեկում: 

Ի՞նչ եք կարծում, «Եվրատեսիլին» Հայաստանի ո՞ր ելույթն էր ամենալավը:

Ամենալավ ելույթը չգիտեմ, ոչ մի երգ ինձ դուր չի եկել, բայց մենք ունենք արդյունքներ, ըստ որի կարող ենք դատել: Ամենալավ արդյունքը Սիրուշոն ցուցաբերեց, եւ նրա համար կարեւոր էր ոչ միայն բուն ելույթը, այլեւ նրան նախորդած ճիշտ կազմակերպված PR-ը: Կարծում եմ, ուղղակի պետք է լավ երգով ելույթ ունենալ, այլ չնստել ու մաթեմատիկական հաշվարկ անել, թե ինչքան դուդուկ լինի երգում, ինչքան թմբուկ եւ այլն: Պետք է այնպիսի երգ, որը հասկանալի լինի ոչ միայն մեր սփյուռքի հայրենակիցներին, այլեւ` ամբողջ Եվրոպային: Պետք չէ վազել առաջին տեղի հետեւից, այլ այնպիսի երգ երգել, որը հետո ցանկանան հնչեցնել եվրոպական ռադիոյով:

Ո՞ւմ եք դուք տեսնում թեկնածուների շարքում, որոնք  կարող են Հայաստանը պատվով ներկայացնել:

Մենք շատ երիտասարդ արտիստներ ունենք, որոնք այնքան էլ հայտնի չեն, բայց տաղանդավոր են: Հավատում եմ, որ նրանք երբեք չեն կոտրվի եւ փող աշխատելու համար հարսանիքներին չեն երգի: Օրինակ, Նանե Դովլաթյանը, Reincarnation-ը, Bambir-ը, Empyray-ը: Շատերը կարող են պատվով ելույթ ունենալ: Ընդ որում, ես ճիշտ չեմ համարում միեւնույն մարդուն երկու անգամ մրցույթին ուղարկելը: Դա նշանակում է, որ այլընտրանք չկա, եւ ես դրան համաձայն չեմ: 

Նշենք, որ Հայաստանը մասնակցելու է «Եվրատեսիլ-2012» միջազգային երաժշտական մրցույթին, որը  տեղի է ունենալու մայիսի 22-26-ին Բաքվում: Հունվարի 25-ին տեղի ունեցած վիճակահանության արդյունքում  Հայաստանը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում` Սերբիայի, Շվեդիայի, Վրաստանի, Նիդեռլանդների, Պորտուգալիայի, Սլովենիայի, Մակեդոնիայի, Էստոնիայի, Բելառուսի, Թուրքիայի, Մալթայի, Սլովակիայի, Խորվաթիայի, Նորվեգիայի, Ուկրաինայի, Լիտվայի, Բուլղարիայի եւ Բոսնիա-Հերցեգովինայի հետ:

 

Զրուցեց Ինգա Մարտինյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ