News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայկական զինված ուժերի ստորաբաժանումները հաջողությամբ խաղաղապահ առաքելություն են իրականացրել ու իրականացնում միջազգային ուժերի կազմում: Հայկական բանակի 20-րդ տարեդարձի նախօրեին NEWS.am-ը հայկական զինված ուժերի խաղաղապահ գործունեության վերաբերյալ զրուցել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ:

Պարոն Տոնոյան, հայ խաղաղապահներն առաքելություն են իրականացրել ու իրականացնում Կոսովոյում եւ Աֆղանստանում: Ինչպե՞ս ձեւավորվեց ՆԱՏՕ-ի կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնելու անհրաժեշտությունը:

Անցյալ տարվա դեկտեմբերի 21-ին հայկական զորախումբը դուրս բերվեց Կոսովոյից: Դա պայմանավորված էր հունական կողմի հետ ստորագրված համաձայնագրի ժամկետը լրանալու, ՀՀ Ազգային Ժողովի կողմից տեղակայման ժամկետի ավարտի եւ Կոսովոյում իրադրության զգալի կայունացման հանգամանքներով: Ներկայումս Հայաստանի Հանրապետության խաղաղապահ ստորաբաժանում է տեղակայված միայն Աֆղանստանի հյուսիսում` 126 զինծառայող թվաքանակով, այդ թվում նաեւ հրահանգչական կազմը:

Ինչ վերաբերում է հենց ՆԱՏՕ-ի ղեկավարության ներքո խաղաղապահ առաքելություն իրականացնելու անհրաժեշտությանը, ապա այն գնահատվում է օգտակար` միջազգային առաջավոր ռազմական փորձի ձեռքբերման, մեր զինված ուժերի արդիականացման տեսանկյունից: Այդ առումով փաստ է, որ նման մասշտաբի եւ բնույթի խաղաղապահ գործողություն այդ ժամանակ Հայաստանի համար դաշնակից կամ գործընկեր հանդիսացող որեւէ այլ կազմակերպության կողմից չէր իրականացվում: 

Այս տարիների ընթացքում ինչպե՞ս են դրսեւորել իրենց հայ խաղաղապահները:

Ոչ միայն ՀՀ պաշտպանության նախարարությունը, այլ նաեւ այն երկրների ռազմական հրամանատարությունը, որոնց հետ հայ խաղաղապահները համատեղ գործողություններ են իրականացրել, կարող են փաստել հայ խաղաղապահների վարպետությունը եւ գերազանց ծառայությունը: Դրա ապացույցն է հանդիսանում ինչպես անցած տարիների ընթացքում խաղաղապահների կողմից իրենց խնդիրների կատարումը, այնպես էլ նրանց մեծամասնությանը տարբեր պետությունների կողմից շնորհված պարգեւների ու մեդալների շնորհումը:

Խաղաղապահ առաքելություն իրականացնելու ժամանակ զինվորները հաճախ ենթարկվում են հարձակումների: Բարեբախտաբար, հայ խաղաղապահները կորուստներ չեն տվել, ո՞րն է գաղտնիքը: 

Ցանկացած մարտական, իսկ երբեմն նաեւ խաղաղապահ գործողությունների ընթացքում մարդկային կորուստներն անխուսափելի են, եւ սա գիտի ցանկացած զինվորական: Սակայն միեւնույն ժամանակ փաստ է, որ ռազմական գործի վարպետությունն ու աչալրջությունը մեծ դեր ունեն կորուստները բացառելու կամ նվազեցնելու գործում: Մեր խաղաղապահ բրիգադի անձնակազմը անցել է բավականին լուրջ պատրաստություն ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում: Այդ պատրաստությունը ներառել է ինչպես տեսական եւ գործնական-մասնագիտական, այնպես էլ լուրջ հոգեբանական եւ տեղեկատվական ուսուցում: Ինչպես ճիշտ նշեցիք դա գաղտնիք է, ռազմական գործի գաղտնիք, որն իրականում հանդիսանում է ցանկացած զինված ուժերի մարտունակության իրական չափման համակարգ` ի տարբերություն սպառազինությունների եւ անձնակազմի քանակի մասին պարզ վիճակագրության:

Հայրենիքի սահմաններից դուրս ծառայություն իրականացնելը հոգեբանորեն ծանր է, ինչպես են հայ խաղաղապահները կարողանում հաղթահարել այդ բարդությունը:

Բազմազգ գործողություններին մեր զինծառայողների ընտրությունը կատարվում է կամավորության սկզբունքով: Կարող եմ փաստել, որ առաջին տեղակայումից վերադառնալով` մեր զինծառայողները պատրաստակամություն են հայտնում մասնակցել նաեւ հետագա առաքելություններին: Կարծում եմ, որ դա նախ եւ առաջ հայ զինծառայողին բնորոշ բարոյակամային որակ է, այնուհետեւ նաեւ` նախքան տեղակայումն իրականացված հոգեբանական պատրաստության արդյունք:

Արդյոք նախատեսվո՞ւմ է հայ խաղաղապահների առաքելության իրականացում նաեւ այլ երկրներում:

Մենք ուշի ուշով հետեւում ենք մեր տարածաշրջանին հարող տարածաշրջաններում տիրող անվտանգության միջավայրին եւ զարգացումներին: Դրա նպատակն է նախ հայտնաբերել այն զարգացումները, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ ՀՀ անվտանգության եւ տարածաշրջանային կայունության վրա, ապա` մեր հնարավորությունների սահմաններում աջակցել այդ երկրներում կամ տարածքներում միջազգային անվտանգության ապահովման գործողություններին: Այս պահին բացի Աֆղանստանից, այլ երկրներում հայ խաղաղապահների տեղակայում չի նախատեսվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ