News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Շվեդիայում բնակվող, Հայաստանը ներկայացնող բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Արմինե Սինաբյանը արդեն երկու շաբաթ գտնվում է Երեւանում: Նա մասնակցում է Հայաստանի առաջնությանը` պատրաստվելով երրորդ անգամ անընդմեջ պաշպանել հանրապետության չեմպիոնի կոչումը:

NEWS.am-ի թղթակցը զրուցել է Հայաստանի ամենատիտղոսակիր կին բռնցքամարտիկի հետ:  

Արմինե ինչո՞ւ ընտրեցիր ոչ այնքան կանացի մարզաձեւ:

Հայրս` Գասպար Սինաբյանը, ժամանակին բռնցքամարտիկ է եղել, իսկ Շվեդիայում մարզիչ էր աշխատում: Այնտեղ կանանց բռնցքամարտը մեծ մասսայականություն է վայելում: Ես հաճախ ներկա էի լինում նրա մարզումներին: Աստիճանաբար սկսեցի մենամարտել: Նկատեցի, որ վատ չի ստացվում եւ որոշեցի ավելի լրջորեն զբաղվել բռնցքամարտով:

Ի՞նչը քեզ դրդեց ներկայացնել Հայաստանը, չէ որ Շվեդիայում գործերդ լավ էին ընթանում, արդեն դարձել էիր այդ երկրի չեմպիոնուհի:

Ես հոգով եւ արյունով հայ եմ, դրա համար որոշեցի հանդես գալ Հայաստանի դրոշի տակ, որպեսզի իմ հաջողություններով եւ մեդալներով բարձր պահեմ իմ հայրենիքի պատիվը:

Ես ցանկանում եմ Հայաստանի համար մեդալներ նվաճել բոլոր պաշտոնական մրցումներում: Անցած տարվա Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ նվաճեցի: Այժմ մտածում եմ մայիսին Չինաստանում կայանալիք աշխարհի առաջնությունում մրցանակային տեղ զբաղեցնելու մասին, որը նաեւ օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք է տալիս:

Որտե՞ղ եւ ո՞ւմ գլխավորությամբ ես պատրաստվելու աշխարհի առաջնությանը:

Պատրաստվելու եմ Հայաստանում: Այժմ հորս հետ մնում եմ Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում: Մարզումները անցկացնում եմ հենց այնտեղ: Ինձ օգնում է նաեւ Հայաստանի տղամարդկանց հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը:

Արմինե կանանց բռնցքամարտն ապագա ունի՞ Հայաստանում:

Հայաստանում առայժմ շատ քիչ աղջիկներ են ցանկանում զբաղվել բռնցքամարտով: Սակայն եթե հաշվի առնենք այն, որ Հայաստանի տղամարդկանց բռնցքամարտը առաջատարներից մեկն է աշխարհում, ապա վաղ թե ուշ կանանց բռնցքամարտը նույնպես կզարգանա Հայաստանում:

Իսկ հայ աղջիկները իրենց խառնվածքով եւ բնավորությամբ համապատասխանո՞ւմ են բռնցքամարտի պահանջներին:

Ընդհանուր առմամբ մարզիկ դառնալու համար առաջին հերթին հարկավոր է լինել կարգապահ, հետեւել կենսակերպին: Այդ դեպքում հայ աղջիկները նույնպես հաջողության կհասնեն բոլոր մարզաձեւերում:

Զրուցեց Գարիկ Հովսեփյանը

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ