News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Միջազգային կազմակերպությունները շատ լավ հասկանում են, որ ղարաբաղյան հիմնախնդրի կայունացման գործընթացում միջնորդական առաքելությունը դրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա, եւ նրանց ցանկացած միջամտություն այդ գործընթացին բացասական հետեւանքների կարող է հանգեցնել:  Այս մասին հունվարի 30-ին լրագրողներին հայտնել է Հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի գործունեությունը սառեցնելու ԵԽԽՎ-ի որոշումը: 

«Միջազգային կազմակերպություններն իրենց պարտականություններն ունեն, այդ թվում ՆԱՏՕ-ն, ՄԱԿ-ը հստակ գիտակցում են, որ ղարաբաղյան հիմնախնդրի կայունացման գործընթացում միջնորդական առաքելությունը դրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ համանախագահ երկրների վրա: Նրանց գործունեության ազդեցիկությունը հաստատվում է այն փաստով, որ վերջին 18 տարիների ընթացքում տարածաշրջանում ռազմական բախումներ չեն եղել` չնայած Ադրբեջանի սադրանքներին», - ասել է Զաքարյանը:

Նա նշել է, որ ԵԽԽՎ-ն իր վերջնական որոշմամբ ավելի ռացիոնալ հարթության է անցել, հասկանալով, որ գոյություն ունեն խնդիրներ, որոնց խառնվելը կարող է բացասական հետեւանքների հանգեցնել:

Պատգամավորը նաեւ մեկնաբանել է Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ-ների ղեկավարների ստորագրած փաստաթուղթը, որում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ կետ կա: Նա նշել է, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները հին են եւ ոչ միշտ են բարենպաստ եղել: «Ռուսաստանի համար այդ հարաբերությունները միշտ էլ անբարենպաստ են եղել: Ես կարծում եմ, որ, օգտվելով Թուրքիայի անբարենպաստ իրադրությունից, եւ Ռուսաստանը, եւ ԱՄՆ-ը փորձում են նրա հետ լավ հարաբերություններ կառուցել` ելնելով, իհարկե, իրենց սեփական շահերից: Սակայն դա չի նշանակում, որ Թուրքիան ինչ-որ դեր կխաղա ղարաբաղյան հիմնախնդրի հարցի կայունացման գործընթացում, նույնիսկ տեսականապես կամ հեռավոր ապագայում», - նշել է պատգամավորը: Նա նշել է, որ ռուսական արտաքին քաղաքականությունն էլ է դա մերժում եւ ետ է պահում Թուրքիային Հարավային Կովկասի ցանկացած գործի միջամտությունից:

Ինչպես ավելի վաղ NEWS.am-ին հայտնել էր ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, ԵԽԽՎ-ը սառեցրել էր Լեռնային Ղարաբաղի շուրջ ենթահանձնաժողովի աշխատանքը: ԵԽԽՎ-ի նորընտիր նախագահ Ժան Կլոդ Մինյոնն առաջարկել է այդ կառույցի աշխատանքի նպատակահարմար շարունակության նոր լսումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ