News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆուտբոլային կյանքը Հայաստանում գնալով ակտիվանում է: Բարձրագույն խմբի թիմերը լրիվ թափով նախապատրաստվում են գալիք մրցաշրջանին: Բարձրագույն խմբում հանդես եկող յոթ ակումբները, բացառությամբ «Արարարտի», արդեն նվազագույնը մեկ հավաք անցկացրել են, կամ հավաքի մեջ են: Զուգահեռաբար կայանում են նաեւ ընկերական հանդիպումներ, փորձարկվում են նոր ֆուտբոլիստներ:

Կազմի հետ կապված որոշակի խնդիրներ ունի «Գանձասարը»: Կապանի թիմը, ավարտելով հավաքը Ծաղկաձորում,պատրաստվում է մեկնել նոր հավաքի, որը կայանալու է Սոչիում փետրվարի 3-16-ը: Առայժմ թիմում փորձաշրջան են անցնում բելառուս երկու ֆուտբոլիստներ` Ստանիսլավ Գնեդկոն եւ Սերգեյ Ցվետինսկին: «Գանձասարը» կազմը համալրելու համար անկասկած նոր ֆուտբոլիստներ դեռեւս հրավիրելու է:

Եվ այդ առումով շատ հետաքրքիր է Հայաստանի ազգային հավաքականի նախկին խաղացող Հրաչ Յագանի տեղափոխությունը: Ակումբի գործադիր տնօրեն Վլադիմիր Առաքելյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ Յագանը թիմի հետ հավաք կանցկացնի Սոչիում:

Ամենաակտիվ սելեկցիոն աշխատանքը վարում է Գյումրիի «Շիրակը»: Ինչպես երեւում է, գյումրեցիները հեռու գնացող նպատակներ ունեն հերթական մրցաշրջանում: «Շիրակում» արդեն փորձարկվում են օտարերկրացի հինգ ֆուտբոլիստներ` սենեգալցի կիսապաշտպան Իբրահիմ Կանը, կոտդիվուարցիներ կենտրոնական պաշտպան Կաձյու Դիդյե Բորիսը եւ հարձակվող Ֆուֆանա Բեկոն, ֆրանսիացիներ հարձակողական ոճի կիսապաշտպան Ժան Լուի Բերնը եւ կենտրոնական պաշտպան Ֆաբրիս Գեղամ Գուզելը: Դեռեւս վաղ է ասել, թե այս ֆուտբոլիստներից ով կհամալրի «Շիրակի» կազմը, բայց մի բան, կարծում ենք, արդեն պարզ է. գյումրեցիներն առաջնությունից բացի շատ են կարեւորում նաեւ գավաթի խաղարկության հանդիպումները եւ ձգտելու են վերջապես դառնալ Հայաստանի գավաթակիր:

Մեր առաջնության երեք ճանաչված ակումբները`«Փյունիկը», «Բանանցը» եւ «Միկան», արդեն վաղուց են հայտարարել, որ հիմնվելու են սեփական կադրերի վրա: Սակայն հավաքների ընթացքում «Փյունիկը» նաեւ փորձարկում է ֆուտբոլիստների «դրսից»:Խոսքը հայազգի ֆուտբոլիստների մասին է: Կիսապաշտպան Արման Մելքոնյանը, հարձակվողներ Սամվել Կավալյանն ու Էդգար Հարությունյանը դեռ պայմանագիր չունեն բազմակի չեմպիոնի հետ, սակայն մարզվում են «Փյունիկում»: Ավելացնենք, որ «Փյունիկի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի փակումից առաջ մեկնեց Թուրքիա, որտեղ ռուսական «Խիմկիի» կազմում մասնակցելու է ստուգողական հանդիպումների: Պայմանագիր դեռ չի ստորագրվել, բայց դրա համար մնում է մեկ օր:

Հայաստանի գործող չեմպիոն «Ուլիսը» ձեռքբերումներ արդեն ունի: Նորայր Գրիգորյանը, Վահագն Մինասյանը, Արսեն Բալաբեկյանը «Ուլիսի» ֆուտբոլիստներ դարձան տրանսֆերային պատուհանի բացման սկզբում: Նորայր Սահակյանը փորձաշրջան է անցնում Կարագանդայի «Շախտյորում»: Թիմը փետրվարի 3-ին մեկնում է Ուռեկի՝ առաջին արտագնա հավաք անցացնելու նպատակով:

Դիլիջանի «Իմպուլսը» նույնպես առաջիկա առաջնությունում լուրջ նպատակներ է հետապնդելու, եւ թիմն արդեն մեկ հավաք անցկացրել է Սոչիում` զուգահեռաբար անցկացնելով նաեւ ստուգողական հանդիպումներ: Մասնավորապես Սոչիում «Իմպուլսը» երկու հանդիպում անցկացրեց Ստավրոպոլի «Դինամոյի» եւ Տոմսկի «Տոմի» հետ: «Իմպուլսում» պաշտոնապես դեռեւս նոր խաղացողներ չկան, սակայն թիմը սելեկցիոն աշխատանքը չի դադարեցրել, եւ նոր պայմանագրեր դիլիջանյան ակումբում բացառված չեն:

Նախապատրաստվում է նաև Երևանի «Արարատը», բայց հավաք անցկացնելու մասին տեղեկություն առայժմ չկա:

Պատրաստեց Խաչիկ Չախոյանը

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ