News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՖԻԴԵ-ի համաշխարհային դասակարգման երկրորդ համար, Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը հայտարարությամբ դիմել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին եւ միջազգային ֆեդերացիայի նախագահական խորհրդի անդամներին:

Հայտարարության տեքստը հրապարակել է Armchess.am-ը:

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին, ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի անդամներին

Հարգելի պարոն նախագահ, նախագահական խորհրդի հարգելի անդամներ

Լրատվամիջոցներից տեղեկացա, որ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցումների անցկացման հայտ են ներկայացրել Ադրբեջանի եւ Բուլղարիայի շախմատային ֆեդերացիաները:

Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ Ադրբեջանում տիրող ընդհանուր մթնոլորտը եւ մեր երկրների միջեւ գոյություն ունեցող մշտական լարվածությունը անհնար են դարձնում իմ մասնակցությունն Ադրբեջանում անցկացվող որեւէ բարձրակարգ մրցաշարի:
Այնպիսի պատասխանատու եւ կարեւոր միջոցառում, ինչպիսին աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարն է, նրա մասնակիցներից պահանջում է հոգեկան անդորր եւ ուժերի արտակարգ կենտրոնացում: Ոչ շախմատային ոչ մի հանգամանք չպետք է գրոսմայստերին խանգարի ցուցադրելու այն ամենը, ինչին նա ընդունակ է: Խիստ անհրաժեշտ է բարոյահոգեբանական բարենպաստ մթնոլորտ, որը, ցավոք, այս պահին Ադրբեջանում չկա ազգությամբ հայ որեւէ անձնավորության համար: Բոլոր մասնակիցները պետք է գտնվեն հավասար պայմաններում, ինչը անհնար է հավակնորդների մրցաշարը Բաքվում անցկացնելու դեպքում: Անվտանգության երաշխիքներն ու ցանկացած տեսակի լրացուցիչ աջակցությունը չեն կարող օգնել իրավիճակին:
Հաշվի առնելով վերոհիշյալը, տեղեկացնում եմ ձեզ, որ ես հաճույքով կմասնակցեմ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին աշխարհի ցանկացած այլ երկրում, բայց իմ մասնակցությունը Ադրբեջանում անցկացվող հավակնորդների մրցաշարին բացառվում է:
Հուսով եմ, որ դուք հաշվի կառնեք այս նկատառումները` մրցավայրի հարցը նախագահական խորհրդի նիստում քննարկելիս:

Կանխավ շնորհակալությամբ եւ խորին հարգանքներով գրոսմայստեր Լեւոն Արոնյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ