News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մի քանի ամիս առաջ, ադրբեջանական երկամյա գերությունից ազատվելուց հետո, 32-ամյա Արթուր Բադալյանն այսօր արդեն բժշկական լուրջ հետազոտությունների ու բուժման կարիք ունի:

Հիշեցնենք, որ 2009 թվականի մայիսի 9-ին, Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ, 32-ամյա Արթուր Բադալյանն ընկերների հետ սունկ հավաքելու գնալու ժամանակ մոլորվել էր ու գերի ընկնել Ադրբեջանում: Մոտ 2 տարի գերի մնալուց հետո, ամիսներ առաջ, Հայաստանի կառավարությունը` ադրբեջանական կողմի հետ գերիների փոխանակման արդյունքում, Արթուրին վերադարձրեց Հայաստան:

Հայաստանում արդեն, Արթուր Բադալյանի հարազատների հավաստմամբ, ընդամենը մեկ անգամ են նրան պետական կառույցներից բժշկական հետազոտություն նշանակել: Այսօր երիտասարդը լուրջ բուժման կարիք ունի, բողոքում է ոտքերի թուլությունից, մշտական գլխացավերից ու գլխում շարունակ հնչող ձայներից:

Հաղարծինում Արթուրն ապրում է ծնողների, ավագ եղբոր, քրոջ, կնոջ ու 3-ամյա որդու` Գարիկի հետ, ով ծնվել է հոր գերության ժամանակ: Ընտանիքը գտնվում է ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում: Արթուրի մայրը` Սուսաննա Բադալյանն ասում է, որ պետական ոչ մի աջակցություն իրենց ընտանիքին չի եղել, իր խոսքով, ապրում են Արթուրին տրվող 18 հազար դրամ թոշակով եւ 12 հազար դրամ նպաստով, եկամտի այլ աղբյուր ընտանիքը չունի, աշխատողներ եւս չկան, մինչդեռ որդու բուժման համար խոշոր գումարներ են պետք:

«Իր վիճակը շատ ծանր է, գիշերները համարյա չի քնում, անընդհատ քայլում է, ինքն իրեն խոսում, ծիծաղում, մտքերով դեռ Ադրբեջանում է, ու երբ հարց էլ ենք տալիս, ասում է ինձ մի անհանգստացրեք, ես էստեղ չեմ: Արթուրի բուժմամբ ոչ ոք չի զբաղվում, մեքենան ենք հիմա ծախում, որ բժշկական ծախսերը հոգանք, մենակ մի անգամ են ստուգել, դրանից հետո ինչքան դիմել ենք, ասում են սպասեք, հերթ պահեք»,-որդուց թաքուն պատմում է մայրը, ավելացնելով, որ տղան տեղյակ չէ իր վիճակի լրջության մասին:

Ինքը` Արթուրն, Ադրբեջանում եղած օրերը շատ պարզ է հիշում, պատմում մինչ այդ անհայտ որոշ մանրամասներ: Սկզբում մի քանի ամիս անհայտ բնակավայրում են եղել, հետո տեղափոխել են Բաքու, ու մոտ 2 տարի պահել մի խցում առանց հագուստի, անկողնու ու սննդի: Թեեւ քչերն են հավատում, բայց գրեթե վստահեցնում է, որ իրեն հետեւում են հիմա էլ, ու իր մեջ տեսախցիկներ կամ հայելիներ են տեղադրված:

«Համարյա 4 ամիս ընդհանրապես չեմ քնել, էդ խցում միշտ լազերներ էին միացրած, երեւի արյանս մեջ է մտել կամ գլխիս, էդ ճառագայթները ես գլխիս մեջ զգում եմ, իմ սնունդն ուղղակի եռացրած ջուր էր, ու կես կտոր հաց, էն էլ փչացած, նամշած, էնքան որ չմեռնեինք: Ծեծ միշտ էլ կար, 2 ոտս էլ կոտրած է եղել, մինչեւ գոտկատեղս հիմա էլ ուժեղ ցավեր ունեմ: Մենակ երազում էի էդ դուռը բացվեր ու դուրս գայի»,-պատմում է Արթուրը:

32-ամյա երիտասարդը վստահեցնում է, որ ոչ մի բանից չի վախենում, գիտի, որ իրեն հիմա էլ հետեւում են, բայց չի վախենում: Նրա ու ծնողների միակ ցանկությունը բժշկական ու հոգեբանական օգնություն ստանալն է, հավելում է հայրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ