News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն, այսօր` փետրվարի 13-ին, ընդունել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրային, որի ժամանակ անդրադարձել է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում տարվող աշխատանքներին:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԺ նախագահը նախ ողջունել է Ջեյմս Ապաթուրայի արդեն երկրորդն այցը Հայաստան, ապա անդրադարձել Հայաստան-ՆԱՏՕ դրականորեն զարգացող համագործակցությանը: Նա կարեւորել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի եւ ՀՀ Ազգային  Ժողովի փոխգործակցությունը, ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններում Հայաստանի Զինված ուժերի մասնակցությունը: «Շատ կարեւոր է, որ Հայաստանը ոչ միայն օգտվում է անվտանգության միջազգային համակարգից, այլեւ ինքն է իր ակտիվ մասնակցությունը բերում այդ գործընթացներին: Կարծում եմ` այստեղ օգտակարությունը երկկողմանի է»-նշել է Ս. Նիկոյանը:

Նա ներկայացրել է այն աշխատանքները, որոնք խորհրդարանում տարվում են բանակում իրավական հիմքերի ամրապնդման, հասարակական վերահսկողության եւ հանրային իրազեկման գործընթացների կատարելագործման ուղղությամբ: Այս առումով նա ընգծել է գործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ:

Ջեյմս Ապաթուրայը շնորհավորելով Սամվել Նիկոյանին ԱԺ նախագահ ընտրվելու եւ ծննդյան օրվա կապակցությամբ, նշել է, որ ՆԱՏՕ-ն մեծապես կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունները, որոնք, նրա գնահատմամբ, զարգանում են լավ եւ հետագա խորացման միտում ունեն: Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանին` ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի կազմում լավագույնս մասնակցության համար: «Հայաստանը լինելով փոքր երկիր, մեծ գործ է կատարում միջազգային խաղաղարար առաքելություններում: Ինքս եղել եմ Աֆղանստանում, եւ ցանկանում եմ իմ երախտիքը փոխանցել հայկական զինուժի բարձրակարգ ծառայության համար»-նշել է Ջեյմս Ապաթուրան: Նա կարեւորել է ԱԺ-ի դերը վերահսկողության եւ հանրային իրազեկման ասպարեզներում, ինչպես նաեւ համագործակցությունը ՆԱՏՕ-ի  ԽՎ-ի շրջանակներում: Ապաթուրան տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստան կժամանի ՆԱՏՕ-ի պատվիրակությունը` համապատասխան գերատեսչությունների հետ հստակեցնելու առաջիկա ծրագրերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: Երկկողմ կարեւորվել է փոխգործակցության հետագա խորացումն ու ամրապնդումը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ