News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում գործում են թենիսի խմբակներ, մարզումներն անցկացվում են բարձր որակավորում ունեցող մարզիչները, սակայն Հայաստանի ներկայացուցիչներն առայժմ հեռու են թենիսում առաջատար դիրքեր զբաղեցնելուց: Ի՞նչն է պատճառը: Հարցի պատասխանը NEWS.am-ի թղթակիցը փորձել է ստանալ թենիսի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանից:

Պարոն Ավետիսյան, Հայաստանում թենիս անկասկած սիրում են, ներկա դրությամբ ինչպե՞ս կարելի է ներկայացնել այս մարզաձեւի զարգացումը Հայաստանում:

Ես հավատում եւ ընդունում եմ, որ թենիսը մեր հանրապետությունում սիրված մարզաձեւ է: Սակայն թենիսը էականորեն տարբերվում է մյուս մարզաձեւերից իր խիստ անհատականությամբ: Հայաստանում մենք նախապատրաստում ենք մարզիկ-մարզուհիներին քրտնաջան մարզումներով, սակայն հաջողությունների հասնելու համար այս մարզաձեւում շատ խոշոր ներդրումներ են հարկավոր: Ընդ որում, անհատական մարզիկների համար: Մենք ունենք մարզիչներ, ովքեր ֆինանսական համապատասխան միջոցների շնորհիվ կարող են ընդհուպ մոտեցնել մեր թենիսիստներին պրոֆեսիոնալ սպորտին: Սակայն դրա համար թենիսիստը ամսական 2-3 մրցաշարի պետք է մասնակցի, ձեռք բերի փորձ ու վարպետություն: Իսկ այս ամենի համար գումարներ են հարկավոր: Մարզիկի մրցավայր մեկնելը, մրցումների ընթացքում հյուրանոցի վճարը, վերջապես վերադարձը: Այս ամենը գումարներ են, որոնք, ցավոք սրտի, մեր թենիսիստները չունեն:

Բացի այդ, յուրաքանչյուր թենիսիստ, անկախ տարիքից, պետք է ունենա տարվա պլան: Ես վստահ կարող եմ ասել, որ Հայաստանում տարվա պլան ունեցող թենիսիստ չկա: Հենց գումարներ չլինելու պատճառով էլ մարզիկները չեն կարողանում կողմնորոշվել իրենց ապագա ելույթների հետ, եւ տարեկան նվազագույնը 10-12 մրցման մասնակցելու փոխարեն արդեն հարցական է, թե քանի անգամ կմասնակցեն տարբեր կարգի մրցաշարերի:

Ժամանակին մենք շատ լավ արդյունքներ ենք ունեցել պատանեկան թենիսում: Մասնավորապես դուք երեք անգամ հաղթանակի եք հասել Եվգենի Կաֆելնիկովի նկատմամբ, Սարգիս Սարգսյանը նույնպես մեծ հաջողությունների հասավ: Ստացվում է, որ առաջընթաց ապահովելու համար մեզ խանգարող հանգամանք է միայն ֆինանսների բացակայությունը:

Այո: Առաջին եւ առայժմ անհաղթահարելի խնդիրը դա գումարների բացակայությունն է: Խորհրդային Միության ժամակաշրջանում եղավ պահ, որ մինչեւ 17 տարեկան թենիսիստների մեջ Սարգիս Սարգսյանը թիվ մեկն էր: Եթե հետագայում Սարգիսը չտեղափոխվեր ԱՄՆ, նա նույնպես չէր կարողանա հասնել մեծ հաջողությունների: Իսկ համաշխարհային դասակարգման ցուցակում եղավ պահ, որ Սարգիսը զբաղեցրեց 38-րդ հորիզոնականը: Դա շատ բարձր արդյունք է:

Ստացվում է, որ Կաֆելնիկովը դարձավ Ռոլան Գարոսի հաղթող, քանի որ ուներ հովանավորներ, որոնց օգնությամբ մասնակցեց շատ մրցումների, ձեռք բերեց վարպետություն ու փորձ, իսկ դուք չկարողացաք անցնել այդ ճանապարհը, քանի որ չկային հովանավորներ:

Այո, հենց այդպես էլ ստացվում է: Ընդ որում դա վերաբերվում է ոչ միայն ինձ: Այն ժամանակ էլ, հիմա էլ մենք տաղանդավոր ու աշխատասեր թենիսիստներ ունենք, բայց դեռեւս կա մի խոչընդոտ, որը հաղթահարելը երազանք է հայ թենիսիստների համար: Ասեմ պարզ թվեր միայն: Պատանի թենիսիստին անհրաժեշտ մրցումներում մասնակցությունը ու նախապատրաստությունը ապահովելու համար անհրաժեշտ է մոտ 30-40 հազար դոլար, իսկ ավագ տարիքում այդ գումարը եռապատկվում է:

Մեր հավաքականը հիմա նախապատրաստվում է Դեւիսի գավաթի խաղարկությանը: Ե՞րբ և որտե՞ղ է կայանալու մրցաշարը:

Ինչպես գիտեք, անցյալ տարի Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկավ Դանիլ Պրոսկուրան, ով մեր թիմի առաջատարն է ներկայումս եւ ունի Հայաստանի քաղաքացիություն: Անցյալ մրցաշրջանում Դանիլը շատ լավ հանդես եկավ մեր թիմի կազմում` տանելով մի շարք տպավորիչ հաղթանակներ: Առաջիկա մրցաշարում մենք հանդես ենք գալու Բուլղարիայում, եւ Հայաստանի հավաքականի կազմում կորտ են դուրս գալու Դանիլ Պրոսկուրան, Խաչատուր Խաչատրյանը, Աշոտ Գեւորգյանը եւ Թորգոմ Ասատրյանը: Բուլղարիա մեկնելուց առաջ ուսումնամարզական հավաք կանցկացնենք ու արդեն կմենկնենք մրցավայր: «Օրանժ» թենիսի ակումբը ժամեր է հատկացրել մեր մարզիկ-մարզուհիների համար, եւ այս ակումբի կորտերում էլ անցկացվում են մարզումները:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ