News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սիրողական բռնցքամարտում Ռամազ Պալիանին հասել է մեծ հաջողությունների` դառնալով աշխարհի (2001թ.) ու Եվրոպայի չեմպիոն(2000թ.), իսկ 1992 թվականին Բարսելոնայում անցկացված Օլիմպիական խաղերում Պալիանին ԱՊՀ թիմի կազմում դարձավ բրոնզե մեդալակիր: Ավարտելով ելույթները սիրողական բռնցքամարտում` Պալիանին սկսեց հանդես գալ պրոֆեսիոնալ ռինգում: Անցկացնելով 16 մենամարտ` նա տարավ 14 հաղթանակ, մեկ հանդիպում ավարտեց ոչ-ոքի, մեկում էլ պարտվեց: Երեք անգամ նվաճելով ԱՄՆ չեմպիոնի կոչում կիսաթեթև քաշային կարգում` Պալիանին բնակվում էր ԱՄՆ-ում, սակայն ստանալով հրավեր Վրաստանից` գլխավորեց բռնցքամարտի այս երկրի հավաքականը: Այս օրերին Վրաստանի թիմը հավաք է անցկացնում Աբովյանում եւ NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Ռամազ Պալիանիի հետ:

Ռամազ, ինչո՞ւ եք նախընտրել ուսումնամարզական հավաքն անցկացնել Հայաստանում:

Առաջին հերթին, ես շատ լավ ծանոթ եմ Հայաստանի հավաքականի մարզիչների հետ: Ռաֆայել Մեհրաբյանին գիտեմ, բարեկամական հարաբերությունների մեջ եմ նաեւ ձեր հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի հետ: Բացի այդ, կարծում եմ` երկու երկրների բռնցքամարտիկների համար էլ շատ լավ կլինի միասին մարզվել ու մարզումային մարտեր անցկացնելը:

Հայաստանցի բռնցքամարտիկներն Օլիմպիական խաղերի առայժմ մեկ ուղեգիր ունեն: Ինչպիսի՞ն է վիճակը ձեր թիմում:

Ցավոք, մենք դեռեւս ոչ մի ուղեգիր չունենք: Բաքվում չկարողացանք հաջող հանդես գալ: Ւսկ հետո թիմը Բակուրիանիում հավաք է անցկացրել ֆիզիկական պատրաստականությունը բարելավելու նպատակով, հիմա էլ Հայաստանում ենք:

Ձեզ համար էլ ապրիլին կայանալիք Տրապիզոնի օլիմպիական վարկանիշային մրցաշարը շատ կարեւոր նշանակություն ունի: Քանի՞ ուղեգրերի կարող են հավակնել ձեր մարզիկները:

Այո, շատ կարեւոր նշանակություն ունի: Պարզ է, որ մենք էլ, ինչպես եւ բոլոր մյուս թիմերը, ձգտելու ենք առավելագույն արդյունքի հասնել, սակայն եթե, նույնիսկ, մեկ ուղեգիր վաստակենք, վատ չի լինի: Մրցավարությունը սիրողական բռնցքամարտում այնքան էլ բարձր մակարդայի վրա չէ, եւ հաճախակի սխալները խանգարում են արդյունքի հասնել:

Փաստորեն, վրացի բռնցքամարտիկները չեն կարող հպարտանալ իրենց արդյունքներով:

Ես հավաքականում աշխատում եմ արդեն երեք տարի: Հիմա մենք արդեն ունենք աշխարհի ու Եվրոպայի առաջնության մրցանակակիրներ, բայց, իհարկե, դեռեւս մեծ հաջողությունների չենք հասել: Մինչեւ իմ գալը թիմն ընդհանրապես հաջողություններ չի ունեցել: Իսկ երեք տարում էլ հնարավոր չէ հասնել բարձր արդյունքների:

Եթե օլիմպիական ռինգում իրար դեմ դուրս գան հայ ու վրացի բռնցքամարտիկները, դուք կհիշե՞ք ձեր բարեկամության մասին:

Իհարկե կհիշեմ: Այս ամենը նորություն չէ, եւ  հայերի հետ մենք միշտ էլ բարեկամներ ենք եղել: Ռինգում իհարկե յուրաքանչյուրը կփորձի հաղթել, բայց ռինգից դուրս էլ կյանք կա: Իսկ եթե հաղթի հայ բռնցքամարտիկը, ես արդեն կցանկանամ, որ չեմպիոն դառնա հենց նա: Ես ընդհանրապես երկրպագել եմ այն բռնցքամարտիկին, ում պարտվել եմ:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը

Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ