News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հանրապետական կուսակցության ու «Բարգավաճ Հայաստանի» միջեւ հարաբերություններում լարվածության մասին խոսակցությունները արհեստական են: Այս մասին, այսօր` փետրվարի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, հավելելով, որ «դա ստեղծածին խնդիր է»: Նա նաեւ հիշեցրեց, որ հաղորդագրություն է տարածվել, որ կոալիցիոն համաձայնագիրն ուժի մեջ է:

Հարցին, թե ՀՀԿ-ի ընտրացուցակում, բացի այն, որ գործարարներ չեն լինելու, հնարավո՞ր է, որ այլ անկնկալներ լինել, Գալուստ Սահակյանն արձագանքեց, որ այդ հարցին կարող է պատասխանել, երբ քննարկվի ՀՀԿ-ի ընտրացուցակը:

Նա անդրադարձավ նաեւ այն փաստին, որ Հատուկ քննչական ծառայությունը պատասխանատվության չենթարկեց խորհրդարանում ուրիշի փոխարեն քվեարկած ՀՀԿ-ական պատգամավորներին եւ միայն այդ հաղորդումն ուղարկեց ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին, ով եւս որեւէ քայլ չձեռնարկեց:

Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ուրիշի փոխարեն քվեարկելը ոչ հանցանք է, ոչ էլ` զանցանք: Ավելին, ըստ նրա, ԱԺ-ն պատժելու լիազորություններ չունի: Նրա խոսքով, բոլոր խմբակցություններում էլ նման բան լինում է, որին ինքն ականատեսը եղել է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՔԾ-ն Ազգային ժողով է ուղարկել փետրվարի 9-ին խորհրդարանում ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավորներ Արա Բաբլոյանին, Հերմինե Նաղդալյանին, Գագիկ Մելիքյանին եւ Արեգ Ղուկասյանին պատասխանատվության ենթարկելու մասին «Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնի» նախագահ Ռուբեն Թորոսյանի հաղորդումը: Վերջինս փետրվարի 11-ին ՀՔԾ-ին ներկայացրած հաղորդման մեջ գրել էր, թե Ազգային ժողովի խոսնակ Սամվել Նիկոյանը եւ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, խախտելով Ազգային ժողովի կանոնակարգը, կարգապահական որեւէ միջոց չեն ձեռնարկել, ըստ Թորոսյանի, կարգազանց պատգամավորների նկատմամբ:

Ի դեպ, Ռուբեն Թորոսյանը նշել է, որ եւս մեկ հաղորդում է ներկայացրել ՀՔԾ, որտեղ նշված է, թե մամուլի հրապարակումներում հայտնաբերել է եւս չորս պատգամավորի անուն, որոնք նույնպես փետրվարի 9-ին քվեարկել են ուրիշի փոխարեն: Այդ պատգամավորներն են` Ռազմիկ Զոհրաբյանը, Համլետ  Հարությունյանը, Ռաֆիկ Գրիգորյանը եւ Միշա  Ստեփանյանը: Ռուբեն Թորոսյանը կից ներկայացրել է նաեւ ուրիշի փոխարեն քվեարկությունների տեսագրությունը:

Սամվել Նիկոյանը ՀՔԾ-ից ստանալով այդ գրությունը, ընդամենը կոչ է արել այլեւս նման բան չանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ