Գերմանական Bild պարբերականը գրում է, որ ավարտին են մոտենում միլիոնատերերի ֆինանսավորած այն ծրագրի վերջին նախապատրաստությունները, որով նախատեսվում է հիվանդ կուզիկ կետին քարշակել դեպի Հյուսիսային ծով:

12 տոննա կշռող Թիմի անունով կետն արդեն գրեթե մեկ ամիս է, ինչ հայտնվել է ծանծաղուտում՝ Բալթիկ ծովի ափամերձ գոտում: Հսկայական պողպատե ակվարիում հիշեցնող բարժան կփորձի Թիմիին տեղափոխել 400 կմ դեպի Հյուսիսային ծով, իսկ հետո՝ հետ դեպի Ատլանտյան օվկիանոս, որտեղից, ինչպես ենթադրվում է, նա եկել է: «Անվտանգության բարձիկ» անվանումը ստացած գործողությունը պետք է սկսվի երեքշաբթի օրը:

Փրկարարները հայտնել են, որ կիրակի օրը կենդանին ջրում գտնվել է ճիշտ ուղղությամբ: Այն առաջին անգամ նկատվել էր Բալթիկ ծովում անցյալ ամիս (հնարավոր է՝ հարինգի վտառների հետևից ընկնելով), և այժմ արդեն երեք շաբաթից ավելի է, ինչ գտնվում է Գերմանիայի Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա երկրամասի Պոել կղզու մոտակայքում՝ տիղմի մեջ:

Ջրի մեջ աղի պարունակությունը չափազանց քիչ է կետի կենսագործունեությունը պահպանելու համար: Այն բանից հետո, երբ փորձագետները, այդ թվում՝ առաջատար ծովային կենսաբանները, հայտարարեցին, որ կետը սատկում է, և փրկարարական գործողությունը միայն կուժեղացնի կենդանու սթրեսը ու հաստատ չի օգնի նրան, երկու հայտնի միլիոնատերերի կողմից ֆինանսավորվող մասնավոր նախաձեռնություն սկսվեց՝ ստվերում թողնելով տեղական քաղաքական գործիչներին:

Նախաձեռնության մասնակիցները ծրագրում են օդային բարձիկների միջոցով բարձրացնել 30 մետրանոց կետին՝ նրա տակ ցանց ձգելով, որպեսզի այն կախված մնա պոնտոնից: Այնուհետև պոնտոնը քարշակի միջոցով կտեղափոխվի դեպի մեծ խորություններ:

Կետի ծանր վիճակը գրավել է հարյուրավոր հանդիսատեսների, այդ թվում՝ զբոսաշրջիկների ողջ Եվրոպայից, որոնք ժամանել են Պոել՝  այս տեսարանին հետևելու համար: