Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր` փետրվարի 27-ին, այցելել է Ստեփանակերտի N1 ֆիլտր-կայան եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքների ընթացքին:
ԼՂՀ մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահը կարեւորել է ֆիլտր-կայանի նշանակությունը մայրաքաղաքի համար եւ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ կոնկրետ հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Այնուհետեւ Բակո Սահակյանն այցելել է նոր կազմավորվող երկրաբանական-հետախուզական կայանի տարածք, որը համապատասխան շինարարական աշխատանքներ իրականացնելուց հետո կհանդիսանա դաշտային անձնակազմի եւ տրանսպորտային միջոցների տեղակայման կենտրոնական գոտի:
Բակո Սահակյանը ծանոթացել է կայանի նախագծին, ինչպես նաեւ լեռնային պայմաններում երկրաբանների կեցության համար անհրաժեշտ պայմաններով հագեցած մեքենայի հնարավորություններին: Երկրի ղեկավարը նշել է, որ լեռնահանքային արդյունաբերությունը մեր տնտեսության կարեւոր ճյուղերից մեկն է, եւ նրա զարգացումը հանրապետության համար ունի առաջնային նշանակություն:
Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին ԼՂՀ Նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը: