News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քանի դեռ Թուրքիան պետականորեն վարում է Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականություն, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ են ընդունելու նաեւ այլ երկրներ: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` ավստրիական  «Der Standard» օրաթերթին տված հարցազրույցում:

«Այդ ցեղասպանությունը մարդկության դեմ գործած հանցագործություն է,  որը բազմաթիվ երկրների եւ միջազգային կազմակերպությունների կողմից ճանաչվել է որպես այդպիսին:  Ցեղասպանության ժխտումը համապատասխան արձագանքի է արժանանում: 

Դիտարկմանը, թե Ֆրանսիայում օրենքի ընդունումը կապում են այդ երկրում նախագահական ընտրությունների հետ` հայ ընտրողների ձայները շահելու համար, Նալբանդյանն արձագանքեց. «Ոչ, այդպես չէ: Օրենքը լիակատար աջակցություն է վայելում Ֆրանսիայի նախագահի, կառավարության, Ֆրանսիայի հիմնական քաղաքական ուժերի կողմից՝ լինի դա աջ կամ ձախ, քվեարկվել եւ ընդունվել է Ազգային Ժողովում եւ  Սենատում: Այդպիսով օրենքի ընդունումն արտացոլում է Ֆրանսիայի ողջ ժողովրդի կարծիքը:

Նույնը տեղի է ունեցել նաեւ 2001թ. Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրենքի ընդունման ժամանակ»:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչպե՞ս այդ օրենքի ընդունումը կազդի հայ-թուրքական հարաբերությունների վրա, Հայաստանի ԱԳ նախարարը պատասխանել է. «Այդ օրենքը կարող է միայն օգտակար լինել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար: Եթե ինչ-որ բան խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա դա հենց թուրքական կողմի մոտեցումն է  (2010թ. ապրիլին Հայաստանի նախագահը առկախեց երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանների բացման վերաբերյալ 2009թ. հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների վավերացման գործընթացը, հիմնավորելով, որ Թուրքիան անընդհատ հրաժարվում է արձանագրությունների վավերացումից եւ իրականացումից, եւ դնում է նախապայմաններ-  հեղինակ): Թուրքական կողմը Ցյուրիխում արձանագրությունների ստորագրումից հետո հետքայլ արեց՝ հրաժարվելով կյանքի կոչել պայմանավորվածությունները: Միջազգային հանրությունը գտնում է, որ գնդակը գտնվում է Թուրքիայի կիսադաշտում»:

Նալբանդյանն անդրադարձել է նաեւ Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի Սահմանադրությանը համապատասխանելու հարցով սահմանադրական խորհրդին դիմելու հարցին:

«Չեմ կարծում, որ ճիշտ է խառնվել Սահմանադրական խորհրդի որոշումների ընդունման գործընթացին, ինչը փորձում է անել թուրքական կողմը:  Նրանք գլուխ են գովում սահմանադրական խորհրդին դիմող ֆրանսիացի  սենատորների հետ արդյունավետ լոբբիստական աշխատանքներ իրականացնելու համար, շնորհակալություն հայտնում Ադրբեջանին` այդ ուղղությամբ գործադրած ջանքերի համար: Այն սենատորները, որոնք ստորագրել էին ՍԽ դիմելու հայտը՝ որպես շնորհակալություն մեծ պատիվներով Բաքվում ընդունելության են արժանացել:  Չեմ կարծում որեւէ եվրոպական երկրում այսպիսի գործելաոճը կարող է ողջունվել:

Ես ցանկանում եմ նորից շեշտել, որ ընդունված օրենքը Ֆրանսիայի ժողովրդի ջախջախիչ մեծամասնության կարծիքն է, որն արժանի է հարգանքի»,-ասել է նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ