News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այսօր` փետրվարի 28-ին, շարունակվել է պայմանագրային զինծառայող, 30-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատական նիստը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արտակ Նազարյանի քույրը` Ծովինար Նազարյանը պատմեց, որ դատարանը շարունակել է նախաքննական ցուցմունքների հրապարակումը, մասնավորապես` առանցքային վկա Արման Մնացականյանի հարցաքննության տեսագրության հրապարակումը: Այս անգամ նիստին նոր վկա էր հրավիրվել` դասակի հրամանատարի տեղակալ, ավագ սերժանտ Արտակ Հովհաննիսյանը, ով, Ծովինար Նազարյանի խոսքով, «նույնպես շինծու վարկածի ստեղծագործողներից, թելադրության դասը կրկնած կարեւոր վկաներից մեկն էր, ով կրկնում էր ամեն ինչ եւ որեւէ տարբերվող բան չասաց»:

Ըստ տուժողի ներկայացուցչի, Երեւանից հեռու դատարանն իրեն բավականին ազատ էր զգում, փաստաբանն ասում էր` չհասկացա, դատախազը` ասում էր կհասկանաս, դատավորն էլ արձագանքում էր` «Ես եմ ըստեղ հասկացնողը»: Շատ «ուրախ» մթնոլորտում էր անցնում»,- ասաց մահացած զինծառայողի քույրը:

Դատավոր Սամվել Մարդանյանը նիստը հետաձգել է մինչեւ մարտի 6-ը:

Հիշեցնենք, որ Արտակ Նազարյանը մահացել է 2010թ. հուլիսի վերջին, Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբներ» զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում: Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության պաշտոնական վարկածով նա ինքնասպան է եղել, իսկ գործով մեղադրանք է առաջադրվել Արտակ Նազարյանի հինգ ծառայակիցների՝ նրա գումարտակի ԱՏՀԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանին, հարեւան «Լույս» հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանին, շարքայիններ՝ Մխիթար Մխիթարյանին, Ադիբեկ Հովհաննիսյանին եւ Հարութիկ Կիրակոսյանին: Նրանք չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքը:

Արտակ Նազարյանի հարազատները եւ իրավապաշտպանները վստահ են, որ երիտասարդ լեյտենանտին սպանել են, իսկ համապատասխան կառույցները կոծկում են այդ փաստը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ