News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Փետրվարի 28-ից մարտի 1-ը աշխատանքային այցով Ժնեւում գտնվող Հայաստանի ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը փետրվարի 29-ին ելույթ է ունեցել Մարդու իրավունքների խորհրդի 19-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:

Ելույթում մասնավորապես նշվում էին Հայաստանի կողմից մարդու իրավունքների պաշտպանության եւ խրախուսման ոլորտում վերջին զարգացումները:

Աշոտ Հովակիմյանը հատուկ անդրադարձ է կատարել ցեղասպանության կանխարգելման խնդրին, որը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի հիմնական առաջնահերթություններից մեկն է, հատկապես կարեւորվել է կրթության դերը մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, այդ թվում նաեւ ցեղասպանությունների կանխարգելման գործում եւ դրանք դատապարտելու անհրաժեշտությունը` անկախ նրանից, ում կողմից, երբ եւ որտեղ են դրանք իրականացվել:

Ա. Հովակիմյանն իր ելույթում անդրադարձել է նաեւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքին` շեշտելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը եւ միացել է միջազգային իրավունքի հիմնարար գործիքներին` կիրառելով դրանք ամենօրյա կյանքում: Այս կապակցությամբ Աշոտ Հովակիմյանը համոզմունք է հայտնել, որ համապատասխան ՄԱԿ մարմիններն իրենց հերթին, ելնելով մարդու իրավունքների պաշտպանության համընդհանրությունից` պետք է հանդես գան ամենուր եւ առանց որեւէ սահմանափակման մարդու իրավունքները պաշտպանելու եւ խրախուսելու դիրքերից:

Ժնեւ այցելության շրջանակներում Աշոտ Հովակիմյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Վիետնամի եւ Լիտվայի փոխարտգործնախարարների հետ` վերջիններիս խնդրանքով: Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հնարավորությունները:

Այցի շրջանակներում Աշոտ Հովակիմյանը հանդիպում է ունեցել նաեւ Եվրոպական Տնտեսական հանձնաժողովի Գործադիր քարտուղարի պաշտոնակատար Անդրեյ Վասիլյեւի եւ Շրջակա միջավայրի գնահատման Էսպո կոնվենցիայի քարտուղար Նիկ Բոնվուազինի հետ: Հանդիպման ընթացքում նշվել է հանձնաժողովի հետ ՀՀ համագործակցության կարեւորությունը, քննարկվել կազմակերպության շրջանակներում ՀՀ միջազգային պայմանագրերի կատարմանն առնչվող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ