News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ զենքի գնման մասին վերջերս ստորագրված համաձայնագիրը ոչ մի դեպքում չի  ազդի ղարաբաղյան հիմնախնդրի հարցում Թել Ավիվի դիրքորոշման վրա:   NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Իսրայելական բանակցային գործընթացների ուսումնասիրման «NEST Consulting» կենտրոնի փորձագետ Վանեսա Սեյմանը:

«Պետք է տարբերակել բիզնեսը եւ գաղափարական ոլորտը: Մենք շատ կապեր ունենք Հայաստանի հետ, եւ Իսրայելի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվի, դա շատ կարեւոր է: Գործարքը չի փոխի այն, թե ինչպես է Իսրայելն ընկալում հայերին եւ Հայաստանի հետ ունեցած հարաբերությունները», - վստահեցրել է Սեյմանը, ավելացնելով, որ Իսրայելի կառավարությունը չի կարող ազդել այն բանի վրա, թե ինչպես կօգտագործվի գնված զենքը:

Ընդհանուր առմամբ, խոսելով Ադրբեջանի եւ Իսրայելի համագործակցության մասին, պետք է նկատի ունենալ երկու բան: «Առաջին հերթին, Իսրայելի շահերից է բխում ինչքան կարելի է շատ դաշինքներ ստեղծել իրանական սպառնալիքի պատճառով, եւ երկրորդ` դա բիզնես է», - նշել է փորձագետը:

Ըստ նրա, բնականաբար, Իսրայելը փորձում է ամրապնդել իր հարաբերությունները Մերձավոր Արեւելքի եւ Իրանի հարեւան երկրների հետ:

«Տվյալ համագործակցության ազդեցությունը տարածաշրջանային գործընթացների վրա հասկանալի կդառնա հետո: Սակայն, ըստ Իսրայելի տեսակետի, ինչքան շատ ինքն ազդեցություն ունենա Իրանի սահմանների մոտ, այնքան դա ավելի կօգնի ապագայում», - եզրափակել է նա:

Նշենք, որ հարցազրույցը տեղի է ունեցել Մոսկվայի «ՍԿՈԼԿՈՎՈ» կառավարման դպրոցի Երեւանում կազմակերպած «Ավելի քան բանակցություններ. կառավարելով անսպասելին» թեմայով դասախոսության օրը։ Բանախոսը Վանեսա Սեյմանն էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ