News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Քվանտ» վարժարանը պատրաստվում է օժտված երեխաների` մայիսի 9-ին կայանալիք «Քվանտ- 2012» ամենամյա մրցույթին, որի նպատակն է հայտնաբերել մաթեմատիկական հակում ունեցող 6-8-րդ դասարանցի աշակերտների եւ հովանավորել նրանց ուսումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանը՝ ավելացնելով, որ մրցույթն անցկացվում է 1996թ-ից սկսած, ԵՊՀ-ի հետ համատեղ:

Ըստ նրա՝ վարժարանում սովորելու ընթացքում օժտվածները համալրում են օլիմպիական խմբակները եւ լուրջ հաջողություններ արձանագրում միջազգային օլիմպիդաներում` շահելով հանրապետություն բերված մեդալների մեծ մասը: Միայն 2003 թ.-ից սկսած` տարբեր առարկաների (մաթեմատիկա, ինֆորմատիկա, ֆիզիկա, քիմիա, աստղագիտություն, կենսաբանություն) միջազգային օլիմպիադաներից «Քվանտի» օժտվածները հանրապետություն են բերել 30 մեդալ (7 ոսկի, 1 արծաթ, 22 բրոնզ):

Ըստ Ռ. Վարդանյանի՝ վարժարանի` օժտվածների մրցույթում հաղթած շրջանավարտները հետագայում հասել են մեծ հաջողությունների. նրանցից շատերն արդեն կայացած մասնագետներ են եւ աշխատում են աշխարհի տարբեր գիտական կենտրոններում, շատերն էլ անվճար սովորում են արտերկրի առաջատար համալսարաններում (Օքսֆորդ, Ստենֆորդ եւ այլն): Մասնավորապես «Քվանտ-2001» օժտված երեխաների մրցույթի հաղթող, ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի ոսկեմեդալակիր Վահե Մուսոյանն անվճար սովորել է ԱՄՆ Ստենֆորդի համալասարանում եւ 2010 թ. ճանաչվել այդ համալսարանի լավագույն շրջանավարտ: Իսկ «Քվանտ-1999» մրցույթի հաղթող Ժիրայր Ավետիսյանը միջազգային օլիմպիադաներից բերել է 1 ոսկի, 3 բրոնզ, ավարտելով ԵՊՀ ֆիզֆակի բակալավրիատը, միանգամից ընդունվել եւ այժմ անվճար սովորում է Գերմանիայի Լայպցիգի համալսարանի ասպիրանտուրայում:

«Այս տարի մրցույթում հաղթած երեք երեխաներին, ովքեր մարզերից են եւ սոցիալապես անապահով ընտանիքներից, անվճար սովորելու հնարավորությունից բացի, հովանավորների կողմից կտրվի ամսական 50.000-ական դրամ կրթաթոշակ»,- ասաց Ռ. Վարդանյանը:

«Մարզերում իսկապես շատ են շնորհաշատ երեխաները, եւ վիճակագրությունը ցույց է տալիս, որ ուսման մեջ որպես կանոն մեծ առաջընթաց են ապահովում հենց այս երեխաները»,- նշեց վարժարանի տնօրենը՝ հույս հայտնելով, որ մրցույթին մասնակիցների մեծ թիվ կգրանցվի մարզերից:

Վարժարանի տնօրենը ավելացրեց նաեւ, որ մրցույթի մասնակիցների համար կազմակերպվում են նախապատրաստական անվճար դասընթացներ, որի առաջին հանդիպումը կկայանա մարտի 11-ին:

 

Տպել
Ամենաշատ