News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ջեյն Ղազարյանի` շների նկատմամբ մեծ սերն էր, թեեւս պատճառը, որ նրան բերեց Հատուկ փրկարարական ջոկատ եւ նա որոշեց դառնալ հետախույզ-կինոլոգ: Այս անգամ ուժեղ կանանցից NEWS.am-ը որոշեց անդրադառնալ հենց նրան` Հատուկ փրկարարական ջոկատի եզակի կանանցից մեկին` Ջեյնին:

Մինչ հետախույզ-կինոլոգ դառնալը, Ջեյնը 2006թ աշխատել է հրշեջ-ջոկատում, բայց շների նկատմամբ սերը նրան հանգիստ չէր տալիս: Իսկ դրանից առաջ փորձել է գրեթե ամեն ինչ, մասնակցել է մոդելավորման, թատերական, համակարգչային դասընթացների: Հետախույզ-կինոլոգ ենթասպան Հատուկ փրկարարական ջոկատում  աշխատում է 2011թ, այժմ նա այդտեղ ե’ւ սովորում, ե’ւ աշխատում է, մասնակցում է դասընթացների, որպեսզի լիովին պատրաստ լինի մեկնելու դեպքի վայրեր: Առայժմ որեւէ դեպքի վայր չի մեկնել, բայց իր գործը լինելու է փլատակների տակից մարդկանց հանելը: Նա աշխատում է երեք օրը մեկ` 24 ժամով, իսկ աշխատանքը սկսվում է 08.50-ին:

Հետախույզ-կինոլոգ դառնալու նրա որոշումը անակնկալ էր բոլորի համար, բայց իր խոսքով, ընտանիքի անդամները չընդդիմացան դրան: Ջեյնի բախտը բերել է, մայրը աշխատել է ոստիկանակական համակարգում եւ խրախուսեց աղջկա որոշումը, իսկ ամուսնու հետ միասին աշխատել են նույն համակարգում: Ընտանեկան կյանքում ամեն ինչ նորմալ է, բոլորը ընդունում են նրա աշխատանքը, ամուսինը խանդի տեսարաններ չի սարքում կնոջ աշխատանքի համար: Տանը իր հետախուզական հմտությունները դեռ պետք չեն եկել, իսկ սիրելի շունը միայն դիակներ եւ մարդկանց կարող է գտնել: Ջեյնը դուստր ունի, ով մանկապարտեզ է հաճախում, նրան խնամում է տատիկը, եթե հանկարծ հետախույզի աղջիկը որոշի շարունակել մայրիկի աշխատանքը, ապա ինքը չի ընդդիմանա: «Իմ կարիերան ինձ համար ավելի կարեւոր է, ես սիրում եմ, չեմ կարող հրաժարվել»,-ասաց նա: Հետախույզ դառնալու որոշումը ընդունելիս Ջեյնը երկար է մտածել, հաշվի առել բոլոր ռիսկերը եւ վտանգները, բայց եզրակացրել է, որ ինքը կարող է եւ պետք է զբաղվի այդ գործով, որովհետեւ մարդկանց օգնելը իր տարերքն է: Այդ ճանապարհին էլ հետախույզը հաշվի չի առնում շրջապատի կարծիքը, քանի որ սիրում է իր աշխատանքը եւ գիտի, որ լավ բան է անում: Միեւնույն ժամանակ, կինոլոգը չի ժխտում, որ սա կանացի մասնագիտություն եւ աշխատանք չէ, բայց շեշտում է, որ կանայք միշտ սովոր են իրենց վրա մեծ բեռ վերցնել:

Աշխատելով տղամարդկանց միջավայրում` նա երբեւէ խնդիրներ չի ունեցել, իրեն վատ չի զգացել, ոչ ոք չի նեղացրել, ավելին` վստահ է, որ տղամարդկանց հետ աշխատելը ավելի հեշտ է, քան կանանց: Աշխատանքի մեջ ամենամեծ դժվարությունը, որ ունեցել է, շներից մեկի կորուստն էր, դա շատ է ազդել կին-հետախույզի վրա: 

Կանանց միամսյակի կապակցությամբ Ջեյն Ղազարյանը բոլորին մաղթում է, որ արտակարագ իրավիճակները քիչ լինեն մեր կյանքում, մարդկանց կորուստներ ընդհանրապես չլինեն, եւ ուզում է բոլորին երջանիկ տեսնել: 

Հ.Գ. Ի դեպ, Ջեյնի անունը որոշել է նրա մայրը` պայմանավորված այդ ժամանակ մեծ հեղինակություն եւ տարածում գտած Շառլոտ Բրոնտեի «Ջեյն Էյր»» գրքով:

Պատրաստեց` Ինգա Մարտինյանը

Լուսանկարները` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ