News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ձեզ ենք ներկայացնում NEWS.am-ի հարցազրույցը Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանի հետ:

Որքանո՞վ է այժմ արդիական գերիների եւ պատանդների հարցը, պաշտոնական տեղեկություններով Ադրբեջանում որքա՞ն հայ (Հայաստանի քաղաքացիներ) գերիներ կան եւ հակառակը (ադրբեջանցի գերիներ Հայաստանում կամ ԼՂՀ-ում):

Արժե նշել, որ Ղարաբաղյան պատերազմի ժամանակաշրջանից այս հարցը երբեք չի կորցրել իր արդիականությունը, եւ այսօր այն ակտուալ է, ինչպես երբեք, թեեւ վերջին մի քանի տարիների ընթացքում ադրբեջանական կողմը մշտապես փորձեր է ձեռնարկում այդ հարցը ֆարսի վերածել եւ կիրառել որպես քաղաքական շանտաժի մեթոդ:

Այսօր ադրբեջանական կողմը հաստատում է իր մոտ երեք հայ ռազմագերիների եւ հինգ հոգուց բաղկացած քաղաքացիական ընտանիքի առկայության մասին: Հայաստանում ներկա պահին գտնվում է մեկ ադրբեջանական ռազմագերի:

Կա՞ ոչ պաշտոնական կամ չհաստատված տեղեկություն, ինչպես դա եղել է Արթուր Բադալյանի դեպքում:

Իհարկե, կա: Մենք դրա մասին նախկինում բազմիցս հայտարարել ենք: Հինգ տարի շարունակ մեր Աշխատանքային խմբի կողմից իրականացված աշխատանքի արդյունքում հավաքվել, վերլուծության են ենթարկել եւ համակարգվել են տեղեկություններ մեր ռազմագերիների, ազատամարտիկների եւ քաղաքացիական անձանց` ադրբեջանական հավանական գերության մեջ գտնվելու վերաբերյալ: Այսօրվա դրությամբ ցուցակում ընդգրկված են մեր իննսուն քաղաքացիների անուններ:

Դուք ինչպե՞ս եք կարծում, որքանով են կողմերը մոտ Աստրախանի պայմանավորվածությունների իրագործմանը: Եւ ու՞մ մեղքով է նման իրադրություն ստեղծվել:

Ցավոք, պետք է նշեմ, որ ադրբեջանական կողմը ցանկություն չի ցուցաբերում մեզ հետ այդ հարցի կապակցությամբ համագործակցելու առումով: Ինչպես բազմիցս նշել եմ այդ կապակցությամբ, Հայաստանի իշխանությունները միշտ պատրաստակամություն են հայտնել համագործակցելու եւ միշտ իրականացրել են ստանձնած պարտավորությունները, որը, ցավոք, չի կարելի ասել ադրբեջանցիների մասին:

Ինչպե՞ս եք մեկնաբանում Ադրբեջանի` գերիների եւ անհայտ կորածների հարցը քաղաքականացնելու մշտական փորձերը,  ինչպես նաեւ յուրաքանչյուր նոր դեպքի ժամանակ «կամավոր փոխանցման» եւ «չվերադառնալու ցանկության» մասին հայտարարությունները:

Մենք մեկ անգամ չէ, որ տվյալ առիթով արտահայտվել ենք:  Ստիպված ենք նորից ափսոսանքով նշել, որ հարեւան պետության համապատասխան կառույցները  եւ նույնանուն հանձնաժողովը մարդասիրական հարցերի լուծմամբ չի զբաղվում, այլ բացառապես տարված է պրոպագանդայով եւ ապատեղեկատվության բացահայտ տարածմամբ:  Երբեմն ադրբեջանցի պաշտոնատար անձանց տարբեր հայտարարությունները զարմացնում են իրենց անհեթեթությամբ: Վերջին տարիներին մենք լսել են ադրբեջանական կողմի  հայտարարությունները` իբր հայկական գերության մեջ գտնվող հինգ հազար ադրբեջանցի գերիների եւ պատանդների մասին,  ապատեղեկատվություն ադրբեջանական զնդաններում պահվող հայերի մասին եւ զրպարտական հայտարարություններ մեր հանձնաժողովի եւ աշխատանքային խմբի հասցեին:

Հայտնի է Ադրբեջանի ղեկավարության պաշտոնական դիրքորոշումը` չհամագործակցել հարեւան Հայաստանի հետ ոչ մի հարցով, քանի դեռ չի լուծվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:  Ըստ էության, հենց այդ կարգախոսի ներքո է հանդես գալիս Ադրբեջանի ռազամագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով  պետհանձնաժողը, որը, մեղմ ասած,  ձեռնպահ է մնում իր ուղղակի պարտավորությունների կատարումից` իր բոլոր հնարավորությունները ուղղելով քաղաքական նեղ նպատակների:

Այնպես որ բոլոր այդ հայտարարությունները «կամանավոր փոխանցելու» եւ «վերադառնալ չցանկանալու» մասին, ոչ այլ ինչ են, քան  ճշմարտությունը խեղաթյուրելու եւ ցանկալին որպես իրականություն ներկայացնելու Ադրբեջանի հերթական անհեթեթ փորձերը:

Ադրբեջանական կողմը շարունակում է արհամարհե՞լ համագործակցության կամ հանդիպումների կոչերը:

Ցավոք, այո: 2009-ի սկզբից մենք հետեւողականորեն ձգտում ենք նոր հանդիպում ունենալ ադրբեջանական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ` քննարկելու համար տեղեկատվության փոխանակմանը, հարցումների կատարմանը, համագործակցության նոր ուղիներ փնտրելու կամ կորսված կապերի վերականգնմանը վերաբերող հարցեր: Չէ որ, մենք գործ ունենք մարդկային ճակատագրերի հետ եւ ցանկացած դանդաղում այս հարցում մահվան է հավասար: Վերջին նմանատիպ հանդիպումը կայացել է 2006-ի սեպտեմբերին, որը ցավոք, ոչ մի արդյունք չտվեց, բացի ադրբեջանական կողմի ներկայացուցչի դատարկ խոստումներից: Մեր այսօրվա առաջարկին ադրբեջանական կողմի պաշտոնական արձագանքն այդպես էլ չենք ստացել:

Անցյալում մեծ աշխատանք էր տարվել Արցախում եւ Հայաստանի սահմանային շրջաններում թաղման վայրերի փնտրման ուղղությամբ: Որքանով ինձ հայտնի է, 2011-ին այդ աշխատանքը շարունակվել է: Ի՞նչ արդյունքների է այն հանգեցրել:

Միանգամայն ճիշտ է: Մեր կողմից լայնամասշտաբ աշխատանքներ են տարվել Հայաստանի սահմանային շրջաններում ադրբեջանցիների թաղման վայրերի փնտրման ուղղությամբ, իսկ Լեռնային Ղարաբաղի հանրապետության իշխանությունների հետ համագործակցության շնորհիվ` նման աշխատանքներ են տարվել նաեւ Արցախի տարածքում: Կատարված աշխատանքների արդյունքների մասին զեկուցվել է մեր հանձնաժողովի նախագահին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ում կողմից էլ ժամանակին ընդունվել էր այդ աշխատանքները սկսելու վերաբերյալ որոշում: Մենք առաջարկել եւ այժմ էլ առաջարկում ենք ադրբեջանական կողմին նրանց ներկայացնել իրենց հայերնակիցների թաղման վայրերի վերաբերյալ մեր տրամադրության տակ եղած ողջ տեղեկատվությունը, բայց նույնիսկ այդ հարցում նրանց կողմից նկատելի հետաքրքրություն չի դրսեւորվում:

Բացի այդ, դեռեւս 2008-ի ամռանը մեր կողմից ստացվել եւ ստուգվել է տեղեկատվություն` Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում «Արաբո» եւ «Արծիվ» ջոկատների հայ մարտիկների թաղման վայրերի վերաբերյալ: Մեր կողմից բազմիցս հարցումներ են ուղարկվել ադրբեջանական իշխանություններին` ե՚ւ ուղղակի ե՚ւ միջազգային միջնորդների միջոցով` մեր զինվորների մասունքները հայրենիք վերադարձնելու գործում աջակցելու խնդրանքով, սակայն մինչ օրս այդ բոլոր հարցումները անպատասխան են թողնվել ադրբեջանցիների կողմից:

Անհետ կորածների ցուցակում կա՞ն փոփոխություններ (ավելի քան 200 անհետ կորած Հայաստանից եւ ավելի քան 700 անհետ կորած` ԼՂՀ-ից):

Եթե նույնիսկ կան, ապա` աննշան: Մինչ օրս Հայաստանից ու Արցախից անհետ կորած են համարվում շուրջ 1000 քաղաքացիներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ