News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մարտի 24-ին, շրջայց է կատարել Երեւան քաղաքում: Հանրապետության ղեկավարը նախ այցելել է Երեւանի Մխիթար Հերացիի անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ մատուցվող բժշկական ծառայությունների որակը բարելավելու նպատակով շարունակվում են բարեփոխումներ իրականացվել թե՛ կրթական, թե՛ բուժական ոլորտներում: Սերժ Սարգսյանը շրջել է համալիրի վերաբացված նոր բաժանմունքներում, ծանոթացել կատարված աշխատանքներին եւ մատուցվող ծառայությունների որակին:

Շրջայցի ընթացքում նախագահին ներկայացվել է, որ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի անմխիթար վիճակում գտնված տարածքները հիմնովին վերանորոգվել են:  Բուժման ժամանակակից մեթոդներին ուսանողներին հաղորդակից դարձնելու եւ առաջատար տեխնոլոգիաներից օգտվելու համալսարանական մասնագետների փորձի ցուցադրման հնարավորություններ ստեղծելու նպատակով վերանորոգվել են մասնաշենքի երկու հարկերը: Այդտեղ կենտրոնացնել են վիրահատական ուղղվածություն ունեցող կլինիկաներն ու վիրահատարանները, որոնք եւս անբարեկարգ վիճակում են գտնվել։ Հիմնանորոգումից եւ վերազինումինց հետո համալիրի երկու հարկում կենտրոնացվել են նախկինում ոչ բարվոք վիճակում գտնվող վիրահատական ուղղվածություն ունեցող կլինիկաներն ու ութ վիրահատարանները:

Հիմնանորոգվել եւ նոր գույքով հագեցվել է նաեւ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի թերապեւտիկ մասնաշենքի երրորդ հարկը, որտեղ տեղակայված են ընդհանուր թերապիայի կլինիկան, դիաբետոլոգիայի, ինչպես նաեւ պարբերական հիվանդության կենտրոնները։ Ընդհանուր ծավալով հիմնանորոգվել է 2,520 քմ տարածք, կատարվել է ավելի քան 421 մլն դրամի ներդրում։ Նշվել է, որ ֆինանսական ներդրումներն ամբողջովին իրականացվել են Երեւանի պետական բժշկական համալսարանի սեփական միջոցներով։

Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ Շահումյանի հրապարակ, որտեղ ծանոթացել է Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորի ներկայացրած «Հայփոստ»-ի նորացված ավտոտրանսպորտային միջոցներին: «Հայփոստ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարիչը եւ ընկերության պաշտոնատար անձինք Սերժ Սարգսյանին ներկայացրել են «Հայփոստ»-ում իրականացվող բարեփոխումները, այդ թվում՝ փոստային կապն ազգաբնակչությանն առավել մատչելի դարձնելու նպատակով իրականացվող աշխատանքները:

Նշվել է, որ «Հայփոստ»-ի արդիականացման հերթական փուլը նշանավորվում է փոստային կապի ծառայությունների մոդելավորման ժամանակակից համակարգերի ներդրմամբ, ինչը ներառում է տեղեկատվական տեխնոլոգիաների լայնածավալ ներդրում եւ օգտագործում, հիմնական միջոցների արդիականացման եւ վերանորոգման աշխատանքներ, աշխատողների  վերապատրաստում, նոր սարքավորումների եւ տեխնիկական միջոցների ներդրում, նոր ծառայությունների մշակում եւ առաջարկում, սպասարկման որակի բարձրացում:

«Հայփոստ»-ի ենթակառուցվածքների արդիականացման առաջիկա լայնածավալ ներդրումների իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ Հավատարմագրային կառավարիչը ձեւավորում են «Հայփոստ»-ի կառավարման նոր մոդել, որը հիմնված է արդիականացման Մաստեր պլանի վրա: Նորացված «Հայփոստ»-ը, ընկերության ղեկավարության հավաստմամբ, կապահովի ամենաօպերատիվ կապը Հայաստանի Հանրապետության տարածքում եւ սահմաններից դուրս գտնվող անձանց միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ