News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Դժվար է միանշանակ գնահատական տալ Մինսկի խմբի միջնորդական 20-ամյա գործունեությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է  ԼՂՀ անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը` ընդգծելով, որ հրադադարի ռեժիմը պահպանելու որոշակի ջանքեր գործադրվել են:

«1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշում կայացրեց կոնֆերանս անցկացնելու վերաբերյալ, որը պետք է կարեւոր դեր կատարեր ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:  Նախարարները համաձայնեցրել էին կոնֆերանսի մասնակիցներին` Բելառուս, Գերմանիա, Իտալիա, Ռուսաստանի Դաշնություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Թուրքիա, Ֆրանսիա, Չեխիայի եւ Սլովակիայի Դաշնային Հանրապետություն, Շվեդիա, ինչպես նաեւ Ադրբեջան, Հայաստան եւ ԼՂ ներկայացուցիչներ:

Մինսկի խումբը որպես այդպիսին ձեւավորվել է 1992թ. հունիսին` կոնֆերանսի կազմակերպման հարցերով զբաղվելու համար:  Այն մինչ օրս մանդատ չունի, սակայն համանախագահները նման փաստաթուղթ ունեն, - հիշեցրել է Մայիլյանը:

Զրուցակիցը նշել է, որ այս ընթացքում ԼՂՀ ներկայացուցիչներին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու ուղղությամբ շատ քիչ գործ է արվել, չնայած որ ԵԱՀԿ-ն Լեռնային Ղարաբաղը Ճանաչել է որպես հակամարտող կողմ:

«Հակամարտության կարգավորման ճանապարհին առկա են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին խոչընդոտներ», - նշել է ԼՂՀ անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանրային խորհրդի նախագահը:

Նրա խոսքով` վերջին տարիներին բազմիցս նշվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման փիլիսոփայության փոփոխման անհրաժեշտության մասին: «Վերջին ժամանակներս կարգավորման մոտեցումների  եւ միջնորդության ձեւաչափի վերանայման հարցն արդիականացվել է:   Նոր մեթոդաբանության փորձագետ-կողմնակիցների թիվն աճում է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամները,  արդյունավետ միջնորդություն իրականացնելու բավական պոտենցիալ ունեն: Եթե Մինսկի խումը չվերանայի կարգավորման իր մոտեցումները, ստիպված կլինի միջնորդի դերը զիջել ուրիշներին», -ընդգծել է նա:

Վերջում Մասիս Մայիլյանը նկատել է, որ ժամանակի ընթացքում խումբը լրացուցիչ գործառույթ է ձեռք բերել` ոչ պաշտոնական հարթությունում տարածաշրջանային եւ այլ խնդիրներ քննարկելու միջոց:   «Քննարկումների այս ալիքը արդյունավետ գործել է նույնիսկ այն ժամանակ, երբ ռուս-ամերիկյան հարաբերություններում լուրջ խնդիրներ էին ծագում», - նշել է զրուցակիցը:

Նշենք, որ 2012 թվականի մարտի 24-ին ԵԱՀԿ ՄԽ-ը նշում է  20-ամյակը: ԵԱՀԿ Մինսկի խմբի ստեղծման ամսաթիվ է համարվում  1992 թվականի մարտի 24-ը: Հենց այդ օրը Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում, ուղիղ 20 տարի առաջ,  ԵԱՀԽ-ի գլխավոր քարտուղարն առաջարկել է  Լեռնային Ղարաբաղի հարցով կոնֆերանս գումարել ԵԱՀԿ-ի հովանավորության ներքո, որն էլ արվել է ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳՆ-ների ղեկավարների կողմից:

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանը, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Բելառուսը, Չեխիան, Սլովակիան, Շվեդիան ինչպես նաեւ Ադրբեջանը  եւ Թուրքիան: Կոնֆերանսի նպատակն է եղել հրադադարը եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ քաղաքական բանակցություններ սկսելը, այստեղից էլ առաջ է եկել «Մինսկի խումբ» անվանումը:

Այդ օրվանից ԵԱՀԿ ՄԽ-ը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջնորդն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ