News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում ավարտվել է ալկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու եւ իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Մանուկյանը 2011թ. ապրիլի սկզբներին գնել է օղու սպիրտ, դրան ավելացրել ջուր եւ ստացել շշալցման ենթակա օղի: Այնուհետեւ շշերի ընդունման կետից գնել է օղու շշերի խցաններ, ապա տաքացնելով իր կողմից հավաքված շշերի եւ գնված խցանների վրա փակցված ակցիզային դրոշմները` պոկել է դրանք եւ փակցրել իր կողմից պատրաստված  եւ տնայնագործական եղանակով փակված կեղծ օղու շշերի վրա:

2011թ. ապրիլի սկզբներից մինչեւ հուլիսի  17-ն ընկած ժամանակահատվածում Ա. Մանուկյանը պատրաստել է ընդհանուր 5 տեսակի 57 շիշ կեղծ օղի: Իրացման համար կեղծված օղին Ա. Մանուկյանը հանձնել է Կ. Խաչկալյանին, ով աշխատել է Երեւան քաղաքի Սեբաստիա փողոցում գործող մի առեւտրի կետում:

«Հրազդան»  ՔԿՀ-ի դատապարտյալ Գ. Վարդանյանը, 2011թ. հուլիսին տեղեկանալով, որ Ա. Մանուկյանը զբաղվում է կեղծ օղու պատրաստմամբ եւ իրացմամբ, վերջինիս պատվիրել է մեկ շիշը 1000 դրամով պատրաստել 2 տեսակի 50 շիշ կեղծ կոնյակ: Ա. Մանուկյանը, ձեռք բերելով անհրաժեշտ պարագաները, պատրաստել է կեղծ կոնյակի պատվիրված խմբաքանակը եւ փոխանցել Գ. Վարդանյանի կողմից մատնանշած անձանց:

Ա. Մանուկյանին եւ Կ. Խաչկալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Գ. Վարդանյանին`  ՀՀ քրեական օրենսգրքի 38-207-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ