News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ես շատ հպարտ եմ, որ հայ եմ եւ հաճելիորեն զգացված եմ Հայաստանում ինձ ցուցաբերված ընդունելությամբ: Այդ մասին մարտի 30-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է հայկական ծագում ունեցող հայտնի ֆրանսիացի երգիչ Պատրիկ Ֆիորին (Շուշյան)` խնդրելով հարցեր չտալ անձնականի եւ քաղաքականության մասին:

Նրա խոսքով, նա Հայաստանը գիտի բազմակողմանիորեն, եւ դեռ շատ տարիներ առաջ իր հարազատների օգնությամբ, հավաքել եւ իրեր է տրամադրել հայ չքավոր ընտանիքներին: Քչերը գիտեն նրա բարեգործության մասին, քանի որ երգիչը չէր հրապարակայնացնում դա. «Թեեւ ես մեծացել եմ Հայաստանից հեռու, սակայն այնքան էլ հեռու չեմ Հայաստանից: Մենք 5 երեխա ենք ընտանիքում, եւ հայրս մեզ հայկական արժեհամակարգով է դաստիարակել:

Ցավոք, տատիկը եւ պապիկը շուտ են մահացել եւ չեն հասցրել մեզ հայերեն սովորեցնել, սակայն տատիկը շատ բան է պատմել Հայաստանի եւ հայերի մասին: Քչերը գիտեն, որ Հայաստան կատարած իմ այցը կապված չէր իմ պրոֆեսիոնալ գործունեության հետ, ես ծանոթացել են հորս ազգականների հետ, որոնց նա չէր տեսել մոտ 50 տարի: Վերջին անգամ ես Հայաստանում եղել եմ 2004-ին, երբ համատեղ համերգ եմ ունեցել Նունե Եսայանի հետ»:

Ֆիորին նաեւ նշել է Հայաստանում տեղի ունեցած դրական փոփոխությունների մասին. «Դրական առաջընթաց է նկատվում, առաջ գնալու ցանկություն կա: Երիտասարդությունն ավելի գեղեցիկ է դարձել»:

Խոսելով երեւանյան Mezzo ակումբում կայանալիք վաղվա համերգի մասին` երգիչը նշել է, որ այդ համերգն ավելի լուրջ ծրագրի նախապատրաստությունն է` ակնարկելով, որ Հայաստանում կկայանա կամ իր մենահամերգը կամ «Փարիզյան Աստվածամոր տաճարը» մյուզիքլը: «Կարծում եմ` ես հաճախ կանհանգստացնեմ ձեզ իմ երգեցողությամբ»,-կատակել է երգիչը:

Պատասխանելով հարցին, թե ի՞նչն է իրեն ավելի ապշեցրել Հայաստանում, Ֆիորին նկատել է, թե պետք է դիմի անցյալի հիշողություններին. «Հայաստան այցերից մեկի ժամանակ Էջմիածնում ինձ մի կին մոտեցավ, ես մտածեցի, թե ինչ-որ բան է ուզում հարցնել կամ գումար խնդրել: Բայց ի զարմանս ինձ, նա մոտեցավ, ձեռքը դրեց շուրթերիս եւ ասաց, որ ես լավ մարդ եմ: Հայրս թարգմանեց, թե ինչ ասաց: Ապշեցուցիչ հիշողություն է: Նրա ժպիտը, բարությունը, որ փայլում էին աչքերում… Ես այդ ժամանակ հասկացա, թե ինչ էր ուզում բացատրել տատիկս»:

Ֆիորին հայտնել է, որ ամեն օր դուդուկ է նվագում, ինչպես եւ ամեն համերգում. Հայրս ինձ դուդուկ նվիրեց, որ գնել էր Երեւանի Վերնիսաժում: Այդ ժամանակվանից ես անբաժան եմ գործիքից:

Տասնյակ անգամներ դիտելով «Մայրիկ» ֆիլմը, ես մեղեդին անգիր սովորեցի եւ մի անգամ պարզեցի, որ մեղեդին բառեր չունի:

Այն ժամանակ էլ ես բառեր գրեցի սիրելի մեղեդու համար եւ ստացվեց հայտնեց «Les montagnes d’Armenie» (Հայաստանի լեռներ) երգը: Այդ երգը մասամբ արտացոլում է իմ ընտանիքի պատմությունը»,- ասաց երգիչը` երգից մի հատված կատարելով:

Հարցին, թե «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլից Belle երգը ճակատագրական եղել իր համար, նա դրական պատասխան տվեց: «Belle երգը իսկապես վճռորոշ էր, եւ ոչ միայն ինձ, այլ մյուզիքլի բոլոր արտիստների համար` թույլ տալով բացահայտվել որպես մենակատարներ: Դրանից հետո իմ կարիերան աճեց Ֆերրարիի արագությամբ»,- նկատեց Ֆիորին, սակայն հրաժարվեց երգել երգից` խոստանալով դա անել համերգի ընթացքում:

Խոսելով ապագա պլանների մասին` Ֆիորին նշել է, որ Հայաստանը ամփոփիչ ակորդն է իր մեկուկես տարվա շրջագայության մեջ:

Դրանից հետո նա գնալու է Լիբանան եւ Ռուսաստան, ապա կզբաղվի նոր ալբոմով, երգեր կգրի այլ կատարողների համար, իսկ արդեն սեպտեմբերին նոր շրջագայության կմեկնի:

Լուսանկարները` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ