News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քուվեյթում Հայաստանի դեսպանության եւ քուվեյթահայ համայնքի ազգային կառույցների համագործակցության շրջանակում մարտի 29-ին Քուվեյթի Ս. Վարդանանց եկեղեցի է այցելել Քուվեյթի «Օրինակելի մայր» հիմնադրամի նախագահ շեյխա Ֆարիհա ալ-Ահմադ ալ-Ջաբեր Ալ Սաբահը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ եկեղեցու բակում մեկնարկել է շեյխա Ֆարիհայի պաշտոնական ընդունելությունը:  Ողջույնի խոսքով հանդես է եկել Քուվեյթի եւ Ծոցի երկրների կաթողիկոսական փոխանորդ Տեր Շահե Եպիսկոպոս Փանոսյանն ու ազգային կառույցների այլ ներկայացուցիչներ` ընդգծելով շեյխա Ֆարիհայի այցի պատմական բնույթն ու բացառիկ նշանակությունը ինչպես քուվեյթահայ համայնքի կյանքում, այնպես էլ  հայ-քուվեյթյան միջպետական հարաբերությունների հետագա զարգացման եւ խորացման ոլորտներում:

Այնուհետեւ տեղի է ունեցել հայ եւ քուվեյթցի ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը նվիրված պատարագը:

Արարողությունից հետո կայացած կարճատեւ զրույցի ընթացքում շեյխա Ֆարիհան խոսել է Քուվեյթի կառուցման եւ բարգավաճման գործում հայ համայնքի ունեցած մեծ դերի եւ նշանակության մասին: Նա   բարձր է գնահատել հայերի նվիրվածությունն  ու հավատարմությունը Քուվեյթի կառավարությանն ու ժողովրդին, նշելով, որ Քուվեյթի պատմության օրհասական պահերին հայերը միշտ եղել են Քուվեյթի կողքին:

Նույն օրը երեկոյան  շեյխա Ֆարիհայի պատվին հայ համայնքի անունից տրվել է ընթրիք, որին ներկա էին համայնքային բոլոր կառույցների ներկայացուցիչները:

Ելույթով հանդես է եկել նաեւ Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը: Շեյխա Ֆարիհայի այցը որակելով որպես պատմական եւ աննախադեպ հայ-քուվեյթյան համագործակցության պատմության մեջ, դեսպան Չարչօղլյանն ասել է, որ հետեւողական աշխատանքներ են տարվում մոտ ապագայում  շեյխա Ֆարիհայի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն կազմակերպելու ուղղությամբ, ինչը նոր հիմքերի վրա կդնի Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ միջպետական հարաբերությունների զարգացման հետագա ընթացքը:

Շեյխա Ֆարիհա ալ-Ահմադ ալ-Ջաբեր Ալ Սաբահի հանդիպումը հայ համայնքի հետ լայնորեն լուսաբանվել է Քուվեյթի հեռուստատեսությամբ եւ տեղական լրատվամիջոցներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ