News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Տեր Շմավոն քահանան ափսոսում է, որ Հայաստանում ինկվիզիցիա չկա: Այդ մասին նա հայտարարել է այսօր`ապրիլի 4-ին մամուլի ասուլիսի ժամանակ, երբ խոսք է գնացել Հայաստանի ճարտարապետների միությունում  «Աստծո ժողովուրդ» ավետարանչական եկեղեցուն վարձակալությամբ տարածք տրամադրելու  փաստի մասին:

«Դահլիճ չունենալու պատճառով մեզ մոտ էին, այժմ ԱՄՆ նախկին դեսպանության շենքում են: Հայաստանում խղճի եւ կրոնի ազատություն կա, ես որեւիցե հիմք չունեմ նրանց մերժելու: Շաբաթը մի անգամ ինչ-որ բան են արել: Վարձակալությունից ստացված 60 հազար դրամով հոգում ենք շենքի պահպանման ծախսերը: Որեւէ պետական ֆինանսական աջակցություն չունենք, մեր շենքը պետք է պահպանենք: Եկեք տեսեք, փայլում է»,-  հայտարարեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը` մեկնաբանելով շենքի տարածքի մի մասը վարձակալությամբ տալու փաստը:

Մինասյանի խոսքով, ինքն ի՞նչ իմանար՝ կրոնական կազմակերպությո՞ւն է, թե` ոչ, եթե նրանք պետության կողմից գրանցված են: «Իմ ձեռքում կա վկայական, որ նրանք գործում են ՀՀ Սահմանադրության եւ օրենքների համապատասխան»,-նկատեց Մինասյանը:

Իր հերթին տեր Շմավոն քահանան հայտարարեց, որ եթե կրոնական կազմակերպությունը գրանցված է` չի նշանակում, որ այն աղանդ չէ. «Պետք է դիմեիք մոտակա եկեղեցու հոգեւորականին ու պարզեիք՝ նրանք աղանդավո՞ր են, թե` ոչ»:

Դիմելով Շմավոն քահանային՝ Մինասյանն ասաց. «Ձեր խոսքերի մեջ ինկվիզիցիա եմ տեսնում»:

«Ափսոս չկա էդ ինկվիզիցիան, թե չէ բանը նման բանի չէր հասնի»,-հակադարձեց տեր Շմավոնը:

 «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հ/կ նախագահ Ստեփան Դանիելյանն էլ իր հերթին ներկաներին հիշեցրեց ՀՀ Քրեական օրենսգրքի 160 եւ 162 հոդվածները, որոնք քրեական պատասխանատվություն են սահմանում կրոնի եւ դավանանքի ազատության իրականացմանը խոչընդոտելու, ինչպես նաեւ կրոնական, ռասայական թշնամություն տարածելու համար. «Հարգելի հայր սուրբ, եթե մենք ապրեինք նորմալ երկրում, Ձեզ քրեական պատասխանատվության կենթարկեին»:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ