Բորսայում բաժնետոմսերի նախնական տեղաբաշխման ձախողումից հետո  Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը մի քանի միլիարդներ է կորցրել եւ դուրս է մնացել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակից: Նրա ունեցվածքը  16,2 միլիարդ դոլարից  կրճատվել է մինչեւ 14,7 միլիարդի:

Facebook-ի բաժնետոմսերը մայիսի 29-ի դրությամբ ընկել էին մոտավորապես  10%-ով եւ այժմ 29 դոլարից քիչ արժեն, հայտնում է  Bloomberg-ը:

Այդպիսով, մայիսի 18-ից, երբ անցկացվում էր IPO-ն, ընկերության կապիտալը կրճատվել է 24%-ով եւ կազմել 79,1 միլիարդ դոլար: Այդ պահին բաժնետոմսերի նախնական արժեքը եղել է 38 դոլար: Բաժնետոմսեր շատ են թողարկվել, իսկ տեղաբաշխման արժեքը բարձրացված է եղել, կարծում են փորձագետները: 

Որոշ մասնագետներ նաեւ նշում են, որ Facebook-ի համար դժվար կլինի մեծացնել շահույթները բջջայինով օգտվողների աճի պայմաններում, հայտնում է  «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Մինչդեռ, Մարկ Ցուկերբերգն ամենեւին էլ չի նահանջում եւ ուսումնասիրում է Facebook հեռախոսի ստեղծման հնարավորությունը: