NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է Կլարա Վայսի հոդվածը` հրապարակված  «Համաշխարհային սոցիալիստական վեբ կայքում».

Կովկասում, որտեղ ամերիկյան աշխարհաքաղաքական շահերը բախվում են Ռուսաստանի եւ Իրանի շահերի հետ, աճում է Հայաստանի եւ Ադրեջանի միջեւ պատերազմի ռիսկը` Լեռնային Ղարաբաղի պատճառով:

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որը հունիսի 4–6 –ն այցելեց Հարավային Կովկաս, ավելի շատ յուղ լցրեց կրակի վրա:

ԱՄՆ-ը եւ եվրոպական երկրները հակամարտությունն օգտագործում են` տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը ետ մղելու համար: Սակայն նրանք միավորված չեն: Այն դեպքում, երբ Ֆրանսիան աջակցում է  Հայաստանին, որը նաեւ Ռուսաստանի աջակցությունն է վայելում, ԱՄՆ-ն սերտ համագործակցությամբ աշխատում է  Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանին հետ, ինչպես նաեւ փորձում է Հայաստանին եւս իր կողմը քաշել:

ԱՄՆ-ը իր ազդեցությունը տարածաշրջանում ընդլայնել է 1990թ-ից` հիմնականում ի վնաս Ռուսաստանի եւ Իրանի: Թե Վրաստանը, թե Ադրբեջանը ԱՄՆ-ի մոտ դաշնակիցներ են եւ սպառազինվում են Վաշինգտոնի կողմից: Երկու երկրներն էլ պատկանում են այսպես կոչված «Հարավային միջանցքին», որի միջոցով գոյություն ունեցող եւ ծրագրվող խողովակաշարերը շրջանցում են Ռուսաստանը` Կասպիական տարածաշրջանից նավթ ու գազ մատակարարելով Եվրոպա:

ԱՄՆ-ը մինչ օրս փորձել է խուսափել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր հակամարտության բորբոքումից, քանի որ երկու երկրների միջեւ պատերազմը կարող է վտանգի տակ դնել ամերիկյան ու եվրոպական շահերը եւ Ռուսաստանի ու Իրանի հետ լուրջ առճակատման հանգեցնել:

Վաշինգտոնը փորձում է մեկուսացնել Ռուսատանին եւ Իրանին եւ Հայաստանին «նվաճել»` անդրկասպյան խողովակաշարային նախագծերի համար: Հայաստանը վերջին երկիրն է, որի միջոցով Ռուսաստանը եւ ինչ-որ չափով` Իրանը, կարող են իրենց ազդեցությունը հաստատել տարածաշրջանում:

Մոսկվայի եւ Վաշինգտոնի միեջեւ լարված հարաբերությունները, ինչպես նաեւ ամերիկյան եւ իսրայելյան նախապատրաստությունները Իրանի դեմ,  Կովկասում տարածաշրջանային պատերազմի սպառնալիք են ստեղծում, որն արագորեն կարող է վերաճել գերտերությունների միջեւ հակամարտության:

Ռուսաստանը, որը Հայաստանում պահում է տարածշրջանի իր միակ ռազմաբազան,  պատերազմի դեպքում Երեւանին օգնություն ցույց տալու պայմանագիր է ստորագրել: Իրանը նույնպես, ակնկալվում է, որ կկանգնի Հայաստանի կողքին:

ԱՄՆ-ն, ավելի շուտ, կլինի Ադրբեջանի կողմում: Այդ երկիրը ոչ միայն էներգակիրների կարեւոր մատակարարող է  եւ տարանցիկ միջանցք, այլ ռազմաստրատեգիական մեծ նշանակություն ունի:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցություններում Հիլարի Քլինթոնը  հայտարարեց երկու երկրների միջեւ ռազմական եւ տնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնման մասին եւ բարձր գնահատեց Ադրբեջանի մասնակցությունն այս տարի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: