Ստրասբուրգում եւ Էլզասի շրջաններում այսօր ապում է մոտ 8000 հայ, ովքեր արտագաղթել են հատկապես 90-ականներից հետո: Մինչ այդ Ստրասբուրգում ապրում էին քիչ թվով հայկական ընտանիքներ: Հայերն այստեղ հիմնականում զբաղվում են  շինարարությամբ եւ առեւտրով:

2010 թվականից Ֆրանսիայի Հայոց թեմի կողմից Հայ առաքելական եկեղեցու ծուխ հիմնելու նպատակով Ստրասբուրգում հոգեւոր հովիվ է նշանակվել  Տեր-Վաչե քահանա Հայրապետյանը: Համախմբելով մի խումբ հայերի, Տեր-Վաչեն հիմնել է Ստրասբուրգի հայկական եկեղեցին:

Տեր-Վաչե քահանա Հայրապետյանը հանդիպել է Ստրասբուրգի Սուրբ Մադլեն կաթոլիկ եկեղեցու հոգեւոր հովիվ Հայր Ալեն Մոստերի հետ, ով մի խումբ հավատացյալների հետ ուխտագնացությամբ երկու անգամ եղել է Հայաստանում:

Հայր Ալենը  Տեր-Վաչե քահանա Հայրապետյանին  անվարձահատույց կերպով տրամադրել է Սուրբ Մադլեն եկեղեցուն հարակից մատուռը, որը ամբողջությամբ գտնվում է հայկական ծխի տիրապետության ներքո:

Առաջին Սուրբ պատարագը Ստրասբուրգում  մատուցվել է 2010 թվականի հունվարի 6-ին` Սուրբ Ծննդյան տոնի օրը, որին մասնակցել են շուրջ 300 հայեր, խանդավառված այն մտքից, որ այլեւս գործող ծուխ ունեն:

Այդ օրը դարձել է Ստրասբուրգի հայկական եկեղեցու հիմնադրման օրը, որին իր հայրապետական օրհնանքն է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Այսօր Ստրասբուրգի հայկական եկեղեցին այլեւս կանոնավոր գործող եկեղեցի է, ուր տոնվում են տաղավար տոնները, կատարվում է պսակ, մկրտություն եւ այլ ծիսական խորհուրդներ:

2012 թվականից եկեղեցուն կից  գործում է Ստրասբուրգի «Հայորդյաց տուն» մշակութային կենտրոնը: Այն ներառում է նաեւ կիրակնօրյա դպրոցը, որտեղ դասավանդվում է մայրենի լեզու, իսկ սեպտեմբեր ամսից կավանդվի նաեւ հայ ժողովրդի պատմություն:

«Հայորդյաց տան» շրջանակներում գործում է նաեւ պարի խումբը, առաջիկայում նախատեսվում է ստեղծել նկարչության եւ քանդակի խմբակները:

Տեր-Վաչե քահանա Հայրապետյանը  նաեւ Ստրասբուրգի հարակից շրջանների հոգեւոր հովիվն է, այդ թվում նաեւ Նանսի եվ Մեցի շրջանների, որտեղ Տեր հայրը պարբերաբար պատարագ է մատուցում:   Հարկ է նշել, որ Տեր-Վաչե քահանա Հայրապետյանը  նաեւ Ստրասբուրգի քրիստոնեկան եկեղեցինների Էկումենիկ խորհրդի անդամ է: 

Այսօր Ստրասբուրգի հայ համայնքն ունի իր հոգեվայրն ու աղոթատեղին եւ գործող կառույցների հետ առաջիկայում ձեռնամուխ է լինելու թեմական նոր ծխի ձեւավորմանը: Մասնավորապես, թեմի առաջնորդի եւ հոգեւոր հովիվի համաձայնությամբ  նախատեսվում է Մեցի հայկական նոր ծխի ստեղծումը: