Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր` հուլիսի 4-ին, հաստատել է 12 միլիոն ԱՄՆ դոլար գումարով վարկ Հայաստանի Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի (ՀՎԱԾ) համար: Ծրագիրը կօժանդակի Պետական եկամուտների կոմիտեին (ՊԵԿ) արդիականացնելու իր բիզնես գործընթացները, ընդլայնելու էլեկտրոնային կառավարման կիրառումը, այդ թվում՝ հարկային հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացումը, եւ ներդնելու հարկային պարտավորությունների կատարման առավել հասցեական, ռիսկի վրա հիմնված ռազմավարություն, որը հենվում է հարկային պարտավորությունների կամավոր կատարման վրա:

Հարկային քաղաքականության բարեփոխումներն ուղղորդելու նպատակով կառավարությունը հրապարակել է ռազմավարական փաստաթուղթ՝ ուրվագծելով հարկային քաղաքականության միջնաժամակետ՝ 2012-2014 թթ. քաղաքականության միջոցառումները:

«Կառավարությունը, զարգացման գծով գործընկերների՝ մասնավորապես ԱՄՀ-ի, ՄՖԿ-ի, ԱՄՆ ՄԶԳ-ի եւ Համաշխարհային բանկի օժանդակությամբ, արդեն իրականացրել է իր եկամուտների վարչարարության բարելավմանն ուղղված քայլեր,- ասել է Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին: - Հիմնվելով նշված ջանքերի վրա՝ սույն ծրագիրն ապահովում է Հայաստանում եկամուտների վարչարարության համակողմանի արդիականացմանն օժանդակելու շրջանակն ու ֆինանսավորումը: Սույն գործառնությունն առանցքային է Համաշխարհային բանկի՝ Հայաստանի հետ գործընկերության ռազմավարության ընթացիկ փաստաթղթում եւ կենտրոնանում է ներքին տնտեսության մրցունակությունը բարձրացնելու վրա»:

Վերջին տնտեսական անկման պայմաններում ՊԵԿ-ը պահպանել է եկամուտների հավաքման մակարդակը: Սակայն Հայաստանում շուրջ 16.3 տոկոս կազմող հարկեր-ՀՆԱ (առանց սոցիալական վճարների) հարաբերակցությունը շարունակում է ցածր մնալ` եկամտի մակարդակի համեմատ: Հիմնական հանրային ծառայություններում եւ ենթակառուցվածքում ներդրումների համար հարկաբյուջետային հնարավորությունների ստեղծման, Կառավարության՝ աղքատության նվազեցման եւ տնտեսական աճի նպատակների իրագործման համար պահանջվում է եկամուտների հավաքման հետագա աճ: Միաժամանակ անհրաժեշտ է հարկային վարչարարության արդիականացում՝ գործարար միջավայրը բարելավելու եւ մասնավոր հատվածի զարգացումն ու աճը բարելավելու համար:

Առաջարկվող ծրագրի միջոցով կավելանա հարկատուների կողմից պարտավորությունների կամավոր կատարումը, կնվազեն հարկերից խուսափումը եւ հարկային պարտավորությունների կատարման ծախսերը, ինչպես նաեւ կբարձրանա ՊԵԿ-ի վարչարարական արդյունավետությունը: Նշված նպատակները կիրագործվեն` ա) ՊԵԿ-ի գործառնություններին օժանդակելու համար արդի, ինտեգրված տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ, բ) ՊԵԿ-ի եւ մյուս մարմինների միջեւ տվյալների փոխանակման բարելավմամբ՝ ռիսկի կառավարումը եւ հարկային պարտավորությունների կատարմանն ուղղված աշխատանքների հասցեականությունը կատարելագործելու նպատակով, գ) արդյունավետությունը եւ օպերատիվությունը բարելավելու եւ էլեկտրոնային կառավարումն ընդլայնելու համար բիզնես գործընթացների վերակազմակերպմամբ եւ ավտոմատացմամբ, դ) էլեկտրոնային կառավարման ընդլայնմամբ, այդ թվում` հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացումը եւ էլեկտրոնային վճարումները՝ մասնավոր հատվածի համար հարկային պարտավորությունների կատարման բեռը թեթեւացնելու նպատակով:

«Սույն գործառնությամբ էական ներդրումներ են կատարվելու ՊԵԿ-ի հիմնական տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների ենթակառուցվածքում: Տեղեկատվական տեխնոլոգիաների օժանդակության բարելավումը հարկային վարչարարության բարեփոխումների հետագա փուլի իրականացումը եւ ՊԵԿ-ի կատարողականի բարելավումը հնարավոր դարձնող կարեւոր գործոն է»,- ասել է Համաշխարհային բանկի ծրագիրը նախագծող թիմի ղեկավարը Սեբաստիան Էքարդը:

Ծրագրի կայուն իրականացումն ապահովելու համար այն վերահսկվելու է նախագահի աշխատակազմի, կառավարության աշխատակազմի, ֆինանսների նախարարի եւ ՊԵԿ-ի նախագահի բարձրաստիճան ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից, որը կկայացնի առանցքային ռազմավարական որոշումներ եւ կկատարի ծրագրի իրականացման ընդհանուր ընթացքի մշտադիտարկում:

Ծրագիրը կիրականացվի ՊԵԿ-ի, Համաշխարհային բանկի, ԱՄՆ ՄԶԳ-ի եւ զարգացման մյսւս գործընկերների ռազմավարական գործընկերությամբ: Զգալի հավելյալ տեխնիկական աջակցությունը կֆինանսավորվի ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից՝ «Հարկային բարեփոխումների» ծրագրի շրջանակում: Համաշխարհային բանկի եւ ԱՄՆ ՄԶԳ ծրագրերը կգործեն սերտ համագործակցությամբ:

Ծրագրի ընդհանուր գումարը 15.1 միլիոն ԱՄՆ դոլար է, որից 3.1 միլիոն ԱՄՆ դոլարը ֆինանսավորելու է Հայաստանի կառավարությունը: 12 միլիոն ԱՄՆ դոլար գումարով ՄԶԸ վարկի մարման ժամկետը 25 տարի է, այդ թվում 5 տարին՝ արտոնյալ:

1992 թվականին Համաշխարհային բանկին եւ 1993թ. ՄԶԸ-ին անդամակցելուց ի վեր Հայաստանի նկատմամբ ՄԶԸ եւ ՎԶՄԲ ընդհանուր հանձնառությունները կազմում են 1, 624 միլիոն ԱՄՆ դոլար: