«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորների հետ» շարքի շրջանակներում NEWS.am-ը ներկայացնում է իր հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հայկ Գրիգորյանի հետ:

Ո՞վ եք դուք:

Մարդ, որը պատրաստ է ծառայել հայրենիքին եւ հայ ազգին:

Ձեր առավելությունը եւ թերությունը:

Առավելությունս վճռական լինելն է, իսկ թերությունս` բարությունը:

Կարգախոս:

Հաղթանակը միասնության մեջ է:

Ամենամեծ պարտությունը:

Պարտություններ չեմ ունեցել:

Ամենամեծ հաղթանակը:

Որ կարողանում եմ իմ գործունեությամբ լինել օգտակար:

Ամենաուրախ օրը:

 Դեռ առջեւում է` առաջնեկիս ծնունդը:

Ձեր մասին ամենաանհեթեթ առասպելը:

Վերջերս մամուլում հայտնվեց, որ ուզում եմ Սահմանադրությունում փոփոխություններ անելու եւ իբր ես չգիտեմ, որ Սահմանադրությունը փոփոխվում է հանրաքվեով:

Անելանելի իրավիճակ:

Անելանելի իրավիճակներ դեռ չեմ ունեցել, որովհետեւ շատ ճիշտ  կարողանում եմ կողմնորոշվել, շատ վճռական եմ ու կարողանում եմ ստույգ որոշումներ կայացնել տվյալ պահի համար:

Չար կատակ:

Երբ ընդունվել էի համալսարան, այդ ժամանակ ցուցակները կախել էին, եղբայրս զանգեց եւ ասաց, որ իմ անունը չկա, եւ ես դուրս եմ մնացել:

Պարտականություններ:

Ընտանիքիս, հասարակության, հայրենիքիս հանդեպ:

Պատասխանատվություն:

Մեծ:

Ինչո՞ւմ եք ձեզ ամենաշատը մեղադրում:

Որ դեռ չեմ այցելել Արեւմտյան Հայաստան եւ չեմ բարձրացել Արարատի գագաթը:

Ձեր կյանքի ամենամեծ սխալը:

Դեռ չեմ գործել, անսխալ մարդ չի լինում, բայց մեծ սխալ չեմ գործել եւ հուսով եմ, որ չեմ էլ գործի:

Ի՞նչ ասել եւ չասել:

Չի կարելի ասել Veni, vidi, vici (Եկա, տեսա, հաղթեցի-NEWS.am), իսկ կարելի է ասել` գեղեցկությունը կփրկի աշխարհը:

Ի՞նչ անել եւ չանել:

Չանել այն, ինչ արգելում է օրենքը, իսկ անել այն, ինչ թույլատրվում է:

Սիրում եք...

Անւշուշտ, բնության մեջ չկա մի արարած, որ չսիրի:

Լռում եք...

Իհարկե, հարմար պահերի լռում եմ:

Խղճում եք...

Խիղճը մարդու այն զգացումն է, որ կոփում է հենց իրեն, իր հոգին:

Զղջում եք...

Զղջում եմ չարածի համար, արածի համար չեմ զղջում:

Հիասթափվում եք...

Հիասթափվում եմ ստից, սուտ խոստումներից, անարդարությունից, չար մարդկանցից:

Հուզվում եք...

Հուզվում եմ, երբ լսում եմ, որ Հայաստանի տնտեսությունը ավելի է զարգանում, իսկ մեր մարզիկները, հատկապես` ֆուտբոլի հավաքականը, նորանոր հաջողություններ են գրանցում, ինչը դրական երեւույթ է:

Ատում եք...

Ատում եմ սուտը:

Ստում եք...

Աշխատում եմ ընդհանրապես չստել, որովհետեւ տղամարդուն հարիր չէ ստել:

Հավատում եք...

Հավատում եմ եւ ապրում եմ հավատքով:

Ուզում եք...

Ուզում եմ, որ հայրենիքս էլ ավելի զարգանա, որ իմ ժողովուրդը լինի էլ ավելի բարեկեցիկ, որ ցանկացած հայի դեմքին բարի ժպիտ լինի:

Դժգոհում եք...

Դժգոհելու առիթներ շատ կան:

Գովերգում եք...

Ինչպես եւ մյուս բանաստեղծները:

Նախանձում եք:

Ոչ, աշխատում եմ նախանձով ընդհանրապես չապրել, որովհետեւ դա կործանարար երեւույթ է:

Կյանքում ծեծել եւ ծեծվե՞լ եք:

Չեմ հիշում, անկեղծ ասած:

Դժվար պահերին ո՞վ  ձեզ օգնում:

Ընտանիքս է միշտ կողքիս:

Առաջին սիրո խոստովանություն:

Խիստ անձնական է:

Անցած սերեր:

Իհարկե կան, բայց կարեւորում եմ ներկայիս  սերը` կնոջս:

Ամենամեծ սերը:

Կինս:

Կանայք:

Ինչպես ասել է Շառլ Բոդլերը` կինը երջանկության  հրավեր է:

Երկնքից երեք խնձոր է ընկնում…

Մեկը` մորս, մյուսը` հորս, երրորդը`կնոջս:

Լավագույն ժպիտը:

Մորս ժպիտը:

Լավագույն խոսքը:

Լավություն արա ու ջուրը գցի:

Լավագույն երազանքը:

Որ Հայաստանը լինի աշխարհի ամենազարգացած երկիրը:

Լավագույն դերը կամ դիմակը:

Զորո:

Լավագույն մարդը:

Իմ համար լավագույն մարդ չկա, իդեալ չկա:

Ի՞նչը կփրկեր կյանքում հերոսին, թե չլիներ կինն ու գինին:

Օղին:

Ծխախոտ, խմիչք, մոլախաղեր եւ կանայք:

Չեմ ծխում ընդհանրապես: Ինչպես ցանկացած տղամարդ, նախընտրում եմ հայկական կոնյակ, կանայք էլ, ինչպես Սստվածաշնչում է գրված, ստեղծվել է տղամարոդւ կողից: Ցանկացած տղամարդու կողքին պետք է լինի կին կամ կանայք: Չեմ սիրում մոլախաղեր, բայց  սիրում եմ խաղալ շաշկի:

Նշենք, որ 28-ամյա Հայկ Գրիգորյանը ԱԺ-ի ամենաերիտասարդ պատգամավորն է, ամուսնացած է եւ շուտով կծնվի նրա առաջնեկը: Նա ավարտել է Գորիսի պետական համալսարան, մանկավարժ է, մինչ թիվ 37 ընտրատարածքից  պատգամավոր ընտրվելը աշխատել է Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում,

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի, Լեւոն Մարտիրոսյանի, Նաիրա Կարապետյանի, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի, Էլինար Վարդանյանի, ՀԱԿ խմբակցությունից Լյումդիլա Սարգսյանի, «Ժառանգությունից»` Ռուբեն Հակոբյանի հետ:

Շարքը` Ինգա Մարտինյանի